Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը

Հունիս 11,2024 23:59

Հարութ Սասունյան 

http://www.TheCaliforniaCourier.com

Հայաստանը շատ մեծ Սփյուռք ունի, որը գնահատվում է յոթ միլիոն՝ Հայաստանի բնակչության ավելի քան կրկնակին։ Հայաստանի իրար հաջորդող իշխանություններն այս վիթխարի հարստության միայն չնչին մասն են ներգրավել ի շահ հայրենիքի: Սփյուռքը Հայաստանի ամենակարևոր աջակիցն է, սակայն այն անտեսվում է: Սա նման է մի սոված մարդու, որն անտեսում է իր մոտ եղած ադամանդներով լի պայուսակը։

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի աջակցությունը ներգրավելու փոխարեն, ճիշտ հակառակն է արել՝ խոչընդոտներ ստեղծելով սփյուռքի մասնակցության համար Հայաստանի զարգացման գործում: Սփյուռքահայերը զրկված են ընտրություններում քվեարկելու իրավունքից և արգելված է նրանց կողմից բարձր պաշտոններ զբաղեցնելը: Նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտերկրում ապրողներին չի թույլատրվում քվեարկել Հայաստանի դեսպանատներում կամ հյուպատոսություններում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի քանդի միակ կամուրջը, որ կար հայրենիքի և իր մեծ Սփյուռքի միջև՝ փակելով Սփյուռքի նախարարությունը: Փոխարենը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անխոհեմաբար «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» նշանակեց ոչ պիտանի մի սփյուռքահայի՝ Զարեհ Սինանյանին։ Սինանյանը շրջում է ամբողջ աշխարհում Հայաստանի հարկատուների հաշվին՝ Փաշինյանի վարչակարգի համար քարոզչություն իրականացնելու նպատակով:

Մինչդեռ, թուրքական հզոր կառավարությունը, գիտակցելով իր սփյուռքի հետ սերտ հարաբերություններ ունենալու օգուտները, մեծ արշավ է սկսել՝ ամրապնդելու իր կապերը աշխարհի տարբեր երկրների թուրքերի հետ:

Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor կայքում հրապարակել է հոդված՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» վերնագրով։ Նա կարևոր մանրամասներ է հայտնում իր սփյուռքի հետ Թուրքիայի մոտեցման մասին:

«Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել իր աջակցությունը սփյուռքի խմբերին արտերկրում, ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ միջոցներով, նպատակ ունենալով խթանել ավելի ամուր նվիրվածություն Թուրքիայի նկատմամբ, հաղթահարել իրավական և վարչական մարտահրավերները հյուրընկալող երկրներում, խրախուսել ակտիվ քաղաքական ներգրավվածություն և կապեր հաստատել ոչ թուրքական կրոնական համայնքների հետ», գրել է Բոզքուրտը։

Թուրքական կառավարության սփյուռքի գործակալությունը՝ «Արտասահմանյան թուրքերի և հարակից համայնքների նախագահությունը» (թուրքերեն՝ YTB), պատրաստել է 71 էջանոց պաշտոնական զեկույց՝ «Ռազմավարական ծրագիր 2024-2028 թվականների համար», որը մանրամասնորեն ներկայացնում է գործակալության հատուկ նպատակները, նրա տեսլականը, առաքելությունը և «սփյուռքի համայնքի մոտ յոթ միլիոն  անդամների զորաշարժման ռազմավարությունը՝ թուրքական կառավարության քաղաքականությունն առաջ մղելու համար»:

YTB-ի նպատակն է «աջակցել Թուրքիայի հավակնություններին` դառնալու աշխարհի առաջատար տերություններից մեկը, մի տեսլական, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ձևակերպվել է որպես «Թուրքիայի դար»։

YTB-ն «քաղաքականության մի քանի  գործողություններ է առաջարկել Էրդողանի կառավարությանը։ Այն կոչ է արել օգտագործել իր դիվանագիտական ազդեցությունը և հանրային դիվանագիտության գործիքները՝ ճնշում գործադրելու օտար երկրների վրա՝ վերացնելու սահմանափակումները թուրքական սփյուռքի խմբերի նկատմամբ։ Օտար երկրներում այլ մահմեդական կրոնական խմբերի հետ համագործակցությունը YTB-ի կողմից ներկայացվել է որպես ևս մեկ առաջարկ՝ թուրքական սփյուռքի նկատմամբ սահմանափակումները հաղթահարելու համար»:

YTB-ն տրամադրում է ֆինանսավորում, լոգիստիկ և տեխնիկական աջակցություն թուրքական սփյուռքի խմբերի գործունեության համար ամբողջ աշխարհում: YTB-ն վերջերս Անկարայում մասնակցել է Միջազգային դեմոկրատների միության (UID) կողմից կազմակերպված ծրագրին, կազմակերպություն, որը գործում է որպես արտաքին շահերի խումբ և ներկայացնում է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) արտասահմանում։

YTB-ի զեկույցում նշվում են այն խմբերը, որոնք դեմ են թուրքական կառավարության քաղաքականությանը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»: «YTB-ն ասել է, որ այս ընդդիմադիր խմբերը խաթարում են թուրքական կառավարության հանրային դիվանագիտության ջանքերը, պառակտում են սերմանում սփյուռքում և քաղաքական ու անվտանգային ռիսկեր են ներկայացնում Էրդողանի կառավարության հետ համագործակցող  խմբերի համար»:

YTB-ն հայտարարել է, որ թուրքական սփյուռքի ուսանողները, որոնք թուրքական կառավարությունից կրթաթոշակներ են ստանում Թուրքիայում սովորելու համար, «կդառնան կամավոր թուրք դեսպաններ»: YTB-ն նաև առաջարկել է, որ այս ուսանողները կապված լինեն «արտաքին առևտրով զբաղվող թուրքական ընկերությունների հետ», որպեսզի նրանք կարողանան «դառնալ տնտեսական դերակատարներ» իրենց բնակության երկրներում։

Առավել վտանգավոր է, որ «YTB-ն ակտիվորեն համագործակցում է թուրքական կառավարական այլ կառույցների, մասնավորապես թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի (Milli İstihbarat Teşkilatı) հետ և նաև ծառայում է որպես լրտեսական գործակալության հավաքագրման աղբյուր արտասահմանյան սփյուռքի համայնքներում: Սա ներառում է փոխանակման ուսանողներին, որոնք պետական կրթաթոշակներով սովորել են Թուրքիայում: Թուրքական դեսպանատներին հանձնարարված է բոլոր միջոցներով օգնել օտարերկրյա երկրներում YTB-ի աշխատանքին»։

YTB-ն նաև համագործակցում է «ոչ թուրքական խմբերի հետ, որոնք կոչվում են «հարակից համայնքներ», որոնք ներառում են համաշխարհային իսլամիստական ցանցերը, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» և «Հիզբ ութ-Թահրիր» ցանցերը, ի թիվս այլոց»:

Թուրքիայի կառավարությունը YTB-ին տրամադրել է 544.2 միլիոն դոլար ընդհանուր բյուջե 2024-28 թվականների համար՝ սկսած 61.5 միլիոն դոլարից 2024 թվականին, աճելով մինչև 83.5 միլիոն դոլար 2025 թվականին, 103.3 միլիոն դոլար 2026 թվականին, 133.5 միլիոն դոլար 2027 թվականին և 162.4 միլիոն դոլար 2028 թվականին:

YTB-ն ուշադիր հետևում է 170 երկրների պետական կրթաթոշակ ստացած 15 հազար օտարերկրյա ուսանողների գործունեությանը: Մայիսի 6-ի իր ելույթում նախագահ Էրդողանը բացահայտեց, որ կան նաև 340 հազար օտարերկրյա ուսանողներ 198 երկրներից։ «Բացի այդ, գործակալությունը [YTB] համակարգում է շփման/համագործակցության ջանքերն ավելի քան 150 հազար շրջանավարտների հետ, որոնք իրենց կրթությունը ստացել են Թուրքիայում: Էրդողանի կառավարությունը նաև ֆինանսավորում ու աջակցում է ոչ կառավարական կազմակերպություններին, որպեսզի լրացնեն YTB-ի գործունեությունը՝ 92․5 միլիոն դոլար բյուջեով: Այս ծրագրի հիմնական շահառուներից մեկը UID-ն է՝ նախագահ Էրդողանի երկար ձեռքն արտերկրում»։

Հայաստանի ղեկավարները կարող են արժեքավոր դասեր քաղել թուրքական կառավարության կողմից իր սփյուռքի հետ համագործակցությունից: Բայց, արդյոք Հայաստանում որևէ մեկը լսո՞ւմ է կամ մտահոգվո՞ւմ:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930