2022 թվականի սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայում ինքն իրեն պայթեցրեց Տարոն Սիմոնյանը: Նահանջի հրաման ստանալով՝ նա հրաժարվել էր հրամանը կատարելուց, ասել՝ մենք կպայքարենք, ու փոխանցել թշնամու կոորդինատները, հետո փամփուշտներ խնդրել՝ նշելով, որ իրենց մոտ եղածներն արդեն սպառվում են, իսկ ավելի ուշ՝ արդեն փոխանցել վերջին կոորդինատները։ Տեսնելով, որ հարվածն ուշանում է, իսկ թշնամին, որ արդեն հասկացել էր՝ իրենց զինամթերքն այլևս սպառված է, մոտենում է՝ որոշել էր քաշել նռնակն ու պայթեցնել ինքն իրեն՝ այդպես գոնե ճանապարհ բացելով իր զինվորների համար։
Բագրատ Սրբազանը ներկայացրեց Տարոնի եղբորը՝ Հարությունին: «Ուզում եմ, որ մեր եղբայրների թափած արյունը իզուր չլինի, արյունով գծած սահմանները ամուր պահենք: Իմ ձեռքում մի խաչ կա, որը, երբ եղբայրս զոհվել է, իր վրա է եղել, խնդրում եմ ձեզ օրհնեք այս խաչը»,-ասաց Հարություն Սիմոնյանը:
«Հարությունը հուզմունքից չի պատմում ամեն ինչ, բայց իր մասին կիմանաք… Եղբորից՝ Տարոնից միայն այս խաչն է մնացել: Սա է իր ներկայությունն ու հիշատակը, այս խաչը, որ օրհնվել է Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության կողմից: Եվ յուրաքանչյուր զինվոր կրում է այն իր կրծքին: Նման խաչերից է ճառագում ճշմարտությունն ու սերը… Իսկապես ամոթով եմ ասում, որովհետեւ մենք թույլ ենք տվել, որ այսպես լինի: Մեր շարքերում գտնվում են մեր նահատակ հերոս զավակների ծնողները, մեր հայրենիքի հայրերն ու մայրերը: Էլի եմ խնդրում՝ իրենց գուրգուրանքով պահենք, մեր գլխի վերեւում պահենք, թույլ չտանք, որ փողոցի պայքարը հասնի իրենց, թեպետ իրենք կանգնած են առաջնագծում»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ