Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին՝ հարցրեք՝ որտե՞ղ, ինչպե՞ս է եղել. եթե չասի, ես կասեմ». Բագրատ սրբազան

Հունիս 11,2024 21:33

«96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այսօր այդ խորհրդարանի ամբիոնից պայթել է»,-Բաղրամյան պողոտայում, ամփոփելով օրը՝ հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում, իր եւ շարժման հասցեին իշխանական պատգամավորների կողմից հնչած որակումներին եւ պիտակումներին: Այս ամենը, ըստ սրբազանի, վկայում է այն, որ. «Իրենք գոյություն չունեն՝ վախեցած, սարսափած, առաջ ընկնող, ստրկամիտ: Մարդու որդիներ, այդքան արժեք ունեք դուք, այս տղաներին (նկատի ունի ոստիկաններին-Ն. Գ.) տուն ճանապարհեք՝ եկեք՝ տեսնենք ի՞նչ ենք անում»: Սրբազանը նկատի ունի, որ իշխանական պատգամավորները թաքնվում են ոստիկանների ետեւում, նաեւ ի գիտություն հայտարարեց, որ ոստիկանները ցուցարարներին շնորհակալություն էլ են ասում, երախտիք էլ են հայտնում:

«Ես տղամարդկությունից եմ խոսում, նրանից, որ դուք չունեք՝ չկա»,- ասաց սրբազանը՝ հավելելով, որ ՔՊ-ական պատգամավորները ցերեկն ամբիոնից հոխորտացող հայտարարություններ են անում. «Գալիս են ամբիոնի մոտ՝ քրտինքի մեջ, միմյանցից առաջ ընկնելով ինչ-որ բան ասելու, որ հետո գիշերը գնան խմելու, ասեն՝ շեֆ, լավ ասեցինք չէ, լավ էր չէ՞ էս պահը, մի քիչ  տակից պարգեւավճարը շատացնենք էլի, ոնց կլինի այսպես շեֆ»։

«Այծի սատկելը, որ գալիս է, գնում կամրջի վրա տրտինգ է անում. եթե չկա այդ ամենը, ինչի՞ եք գնում կամրջի վրա տրտինգ անում, այն էլ՝ հատման կետում»,- ՔՊ-ական պատգամավորներին դիմեց սրբազանը:

«Մեզ համար այս շարժումն ավելին է, քան մեկ հոգու աթոռից հանել՝ մյուս կողմը դնելը՝ իր բոլոր շոշափուկներով հանդերձ: Սա արժեքների մասին է. այս մարդիկ չեն հասկանալու դա, որովհետեւ չեն ապրել, կորստի ցավ չեն ունեցել: Հաշտության մասին չեն կարող որեւէ պատկերացում ունենալ, անհույս է դա»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն օր սարսափում է՝ մտածելով, որ մեր կյանքը վստահված է այս մարդկանց՝ «ստախոսներին, արժեք չունեցող մարդկանց, ինքնության, արարումի, առավել եվս այդ ամենը թանձրացնող, շոշափելի դարձնող հայրենիքի հետ»: Ելնելով այս ամենից, այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ անհրաժեշտ է՝ հայտարարեց սրբազանը՝ հավելելով, որ բոլոր տեսակի քաղաքական լուծումները, որոնք տրամաբանական կլինեն, որոնք կնպաստեն մեր պետության շահերին, հայ ժողովրդին՝ այստեղ եւ Սփյուռքում, իրենք պատրաստ են իրագործել:

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր հայտարարել, որ սրբազանը սուտ է խոսում, երբ ասում է, որ 2018-ին Սուրեն Պապիկյանն իրեն դիմել է՝ ՔՊ-ցուցակով ընտրություններին մասնակցելու համար: Սրբազանը հակադարձեց. «Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին՝ հարցրեք՝ որտե՞ղ, ինչպե՞ս է եղել. եթե չասի, ես կասեմ: Նվիրակներ ուղարկելու մասին՝ հայտնաբերեք այդ մարդուն, թող ասի. ինքը չասի, ես կասեմ: Թմրադեղերի համար կամ ի՜նչ, վրան հոդված է եղել, ինչ-որ ինձ ժամանակ է տվել. ժամը 7-ն անցել է, խնդրեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, նախորդ օրը՝ գիշերվանից  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը: Իսկ երեկ, ԱԺ խորհուրդը երեկ մերժեց՝ կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը: Բագրատ Սրբազանն ամսի 9-ին, 96 ժամ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար. վաղը, 15.00-ից ընդդիմադիրները կհավաքվեն Բաղրամյան պողոտայում, քանի որ իշխանությանը տրված ժամանակը լրանում է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930