Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազանը ոտքի հանեց ազնվազարմ հայերին, ովքեր պատրաստ չեն կորցնել հայրենիքը». Խաչիկ Մանուկյան

Հունիս 11,2024 20:50

44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին զոհաբերած Վաչագան Մանուկյանի հայրը՝ ճանաչված բանաստեղծ եւ հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, «Հայելի» ակումբում խոսելով Սրբազան պայքարի եւ այդ պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի շուրջ համախմբված տասնյակ հազարավոր մարդկանց մասին՝ կարեւորեց, որ շարժումը հեղեղի չի վերածվում եւ տարերային բնույթ առայժմ չի կրում։ «Կա մի մեծ տարբերություն։

Սրբազանի հետ մեծ մասամբ մտավորականներ են։ Եվ երբ ժողովուրդն ասում էր, թե ո՞ւր են մտավորականները, ինչի՞ ձայն չեն հանում, հիմա այդ մտավորականներն են եկել ու սրբազանի առաջնորդելը կա։ Սրբազանը առաջնորդում է փայլուն։ Սրանք փորձում են ուղուց շեղել, փորձում են նյարդայնացնել, բայց սրբազանը շատ խաղաղ, ինքնավստահ գնում է հաղթական, գնում է առաջ։

Մենք, այդ թվում եւ ես, մի քիչ ծայրահեղությունների ազգ ենք, ուզում ենք արագ ինչ-որ գործողություններ լինեն եւ այդ գործողության արդյունքում հասնենք մեր նպատակներին։ Բայց սրբազանը այդ գործընթացը ավելի խաղաղ է պատկերացնում եւ չի ուզում, որ որեւէ մեկի մազը պակասի։ Տեսնում եք, թե ինչպես է խստորեն արձագանքում բոլոր այն դեպքերում, երբ քաշքշում են մեր հայրենակիցներին եւ նրանցից մի մասը հիվանդանոցներում են հայտնվում բռնի ուժ կիրառելու հետեւանքով։

Դրսի եւ ներսի բոլոր ուժերը, որոնք Հայաստանի թշնամիներն են, համագործակցում են՝ երկիրը վերացնելու, ազգը վերացնելու։ Ամեն ինչը նրանց կողմից այլեւս վաճառված է։

Ես իսկապես հույս ունեցա, հավատ ունեցա, որ չեն հաջողելու, որովհետեւ սրբազանը ոտքի հանեց իսկապես, ազնվազարմ հայերին, նրանց, ովքեր պատրաստ չեն կորցնելու հայրենիքը։ Եթե մենք կորցնում ենք Հայաստանը, ամեն ինչ մեզ համար արժեզրկվում է։ Այս մարդկանց համար կյանքում ներկայանալին փողն է։

Քիչ առաջ երիտասարդ էր այստեղ ելույթ ունենում։ Փայլուն բաներ ասաց։ Մենք ունենք մարզիկներ։ Ու նա դիմում էր մարզիկներին։ Ասում էր, դուք, որ հայկական դրոշը վեր էիք հանում ու դրոշը բարձրացնելը պարծանք էիք համարում, հիմա թշնամին այդ դրոշը գցել է ոտքի տակ, սրա վրա էլ, որն այդ նույն դրոշը վեր պիտի հաներ, գոռգոռում է։ Սա մեր դրոշը գցել է գետնին։ Բա չեք գալի՞ս, ասում` մենք ունենք երկիր, արժանապատվություն, մենք այդ դրոշը վեր հանելով՝ ցնծում ենք։ Այս ի՞նչ ես անում դու։ Եթե ձայն չեք հանում, ուրեմն դուք էլ եք նույնը։ Ես տեսնում եմ մարզիկների, որոնք արժանապատվություն ունեն եւ գալիս են պայքարելու, ձայն հանելու եւ ասելու, որ մեր երկիրը հաղթական երկիր է եւ չի ծնկելու»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930