«Ա1+». Տիգրան Մնացականյանն Ավետարանոցից էր։ Նոր էր ավարտել Ստեփանակերտի Գ. Նարեկացի համալսարանի ատամնատեխնիկայի բաժինը, իսկ Լիանան՝ նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետը, երբ ամուսնացան և բնակություն հաստատեցին Ասկերանում։
Սեպտեմբերի 19-ին առավոտյան Տիգրանը վերջին անգամ խոսեց կնոջ հետ ու պատվիրեց զգույշ լինել ու լավ պահել երեխաներին։
«Երբ տարհանման հրաման եղավ, 14-ամյա որդիս նստեց ղեկին և մեզ հասցրեց Իվանյանի օդանավակայան։ Կապ չկար, ոչ մի կերպ չէինք կարողանում կապ հաստատել Տիգրանի հետ։ Նրանց դիրքերը Հարավ գյուղի մոտակայքում՝ Փրմքե կոչվող տեղամասում էին գտնվում։ Պարզվում է՝ թշնամին առավոտվանից էր տարածքն արկակոծում։ Օդանավակայանում էինք, երբ ամուսնուս զոհվելու լուրը լսեցինք, բայց չէինք հավատում։ Քարացել էի։ Զգայարաններս կարծես թե չէին աշխատում։ Չէի գիտակցում, ինչ է կատարվում»,- պատմում է Տիգրանի այրին։
Տիգրան Մնացականյանին հարազատները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 24-ին, երբ համատարած խուճապ էր, եղբայրական գերեզմանոցում՝ իրարանցում, լաց ու կոծ։ Իսկ հաջորդ օրը ընտանիքը բռնեց գաղթի ճանապարհը։
Կարդացեք նաև
«Չկարողացանք անգամ մարդավարի հրաժեշտ տալ ամուսնուս։ Ամեն ինչ շատ հապշտապ կազմակերպվեց։ Զոհերն այնքան շատ էին, որ դագաղ գտնելն էլ մեծ խնդիր էր։ Տնից վերցրել եմ միայն ընտանեկան լուսանկարներն ու երեխաների շորերը։ Տիգրանի շորերից մի քանիսն էլ եմ վերցրել, հիմա դրանք որդիս է հագնում։ Նրա կենդանի շունչը միշտ մեզ հետ է, մեր կողքին։ Համատեղ հարուստ հուշերով լի կյանք ենք անցել, որոնցով շարունակելու ենք ապրել՝ ապրեցնելով նրա պայծառ անունը»,- կարոտով ասում է զրուցակիցս։
Տիգրան Վարշամի Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Ընտանիքով հաստատվել են Երևանում։ Նա նոր աշխատանք է փնտրում։ Երկար առանց աշխատելու չի ստացվի։
Լիանային այս պահին ամենից շատ մի բան է մտահոգում՝ Կարմիր խաչում հերթագրվել են՝ ամուսնու դին արտաշիրիմում անելու համար, բայց առայժմ ոչ մի նորություն չկա, ժամանակի հետ հույսերն էլ են մարում։
«Գուցե և լավ է, որ Տիգրանը մնաց այնտեղ՝ Արցախում, հայրենի հողի տաքուկ գրկում։ Գուցե մենք էլ մի օր կգնանք․ կգնանք՝ Արցախում լիիրավ տիրոջ իրավունքով քայլելու, ապրելու, արարելու»,- մտորում է նա։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: