«Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է փոխվեն ու սա ոչ թե զուտ ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը կամ ցանկությունն է, այլ այն, որ դո՛ւք՝ իշխանություններդ, հասարակությանը՝ կառավարության և նախընտրական ծրագրերով խոստացած ապագայի հեռանկարը ուղարկել եք աղբանոց»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա հավելեց. «Հասարակությունն ընդամենը ընդդիմադիր ուժերի միջոցով հանրայնացնում է իր տրամադրություններն ու ձևակերպում հանրային պահանջը՝ կառավարության ու իշխող ուժի նկատմամբ անվստահության և հրաժարականի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միայն այս կամ այն հրապարակում հավաքված մարդկանց թիվը չէ, որը իշխանական քարոզչամեքենան այդքան շահարկում և մանիպուլացնում է, ոչ էլ առավել ևս այն կեղծ իրականությունը, որը նաև այս ամբիոնից եք փորձում ստեղծել ու միաժամանակ ծաղրանքի կամ հեգնանքի ենթարկել:
Համոզված եմ, որ դո՛ւք կամ ձեզանից ոմանք, ոչ միայն գիտակցում են Հայաստանում ստեղծված ծայրահեղ տագնապալից իրադարձությունների քաղաքական պատասխանատվության հարցը, այլ տիրապետում են իշխանության նկատմամբ հանրային իրական տրամադրություններին և ցանկություններին:
Խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք դո՛ւք կարողացել եք կամ կարողանալու եք պահել իշխանությունը, այլ այն, թե ինչ գին է վճարում երկիրը ձեր արկածախնդրության և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու պատճառով: Ավելին՝ որոշներդ էլ գիտեք, թե ի՞նչ ծանր պատասխանատվության տակ եք մտել և դա ինչ անկանխատեսելի հետևանքներ է ունենալու:
Կարդացեք նաև
Միայն առաջին հայացքից ձեզ կարող է թվալ, որ մարդկանց անընդհատ ահաբեկելով, բռնություն գործադրելով, ազատազրկելով ինքնափրկությամբ կամ իշխանության պահպանմամբ եք զբաղված, որովհետև ձեր իսկ ստեղծած տուրբուլենտ իրականությունը՝ մի փուլում, ձեր եւ ձեր կառավարության անխուսափելի քաղաքական վախճանին է բերելու, ավելի ճիշտ՝ դրա վավերացումն է ապահովելու: Որքան էլ ինքնախաբեության համար շարունակ գոռաք լեգիտիմ, ինքնիշխան, աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեք, մեկ է՝ իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու:
Քաղաքական գործընթացներն ու պետության կառավարման առաքելությունը լկտիության, անպատկառության, անբարոյականության հետ խառնելը ձեզ չի՛ ազատում քաղաքական, մարդկային, հոգևոր պատասխանատվությունից: Կոնկրետ քաղաքական գործիչների վատաբարո, լկտի, գռեհիկ վարքագիծը խոսում է ոչ միայն իրենց իսկ տեսակի, չմարդու կերպարի ու դատարկաբանության, այլ սեփական շեֆերին անսահման քծնելու և ստորաքարշության մասին ու այդ ամենը Փաշինյանի, մանդատի և բերետի հետևից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ