Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուղեղը պետք է դեօկուպացնել, որպեսզի ազատ մտածենք

Հունիս 11,2024 17:12

Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործության մեջ հեղինակը, ի թիվս այլ մարդկային որակների, անդրադառնում է նաև ազատությանը։

Քանի որ, ըստ Արիստոտելի մարդն իր էությամբ հասարակական-քաղաքական էակ է, մարդը պետք է ունենա ազատ միտք՝ հասարակական և քաղաքական իրադարձությունները հասկանալու համար, ուստիև պետք չէ ֆիզիկական, առօրեական ազատությունը ստորադասել մտավոր, ինտելեկտուալ ազատությանը։ Հասարակության կամ քաղաքականության մեջ որևէ բան փոխելու համար անհրաժեշտ է ազատ մտքի իրացում։

Զբաղվածությունը՝ ուշադրության շեղում

«Եթե հույս կա, ապա միակ հույսը պրոլներն են», – գրում էր «1984»-ի գլխավոր կերպար Ուինսթոնը (I.VII)։ Քանի որ Օվկիանիայի պետության բնակչության 85%-ը պրոլներն են, կարող է թվալ, որ նրանք առանց մեծ ջանքերի կարող են տապալել ԱՆԳՍՈՑ ամբողջատիրական իշխանությունը։ Բայց դա իրականում այդպես չէ, քանի որ նրանք չեն գիտակցում իրենց ուժը որևէ բան փոխելու։

«Բայց եթե կարողանային ինչ-որ կերպ գիտակցել սեփական ուժը, դավադրությունների կարիք չէր լինի։ Ընդամենը պետք էր, որ ոտքի կանգնեին ու թափ տային իրենց», – հուսահատորեն գրում էր Ուինսթոնը (I.VII)։ Սա հնարավոր չէ, որովհետև կառավարող կուսակցության քարոզչության և հնարքների շնորհիվ մարդիկ հավատում են, որ 2+2 ոչ թե հավասար է 4-ի, այլ 5-ի։ Մարդկանց երկար տարիներ ասվում է, որ իրենց երկրի թշնամին Եվրասիան է, Արևելաասիան՝ դաշնակից, և հանկարծ մեկ օր հայտարարվում է, որ Եվրասիան դաշնակից է, Արևելաասիան՝ թշնամի, և դա միշտ է այդպես եղել։

Ինչո՞ւ ժողովուրդը չի տեսնում այս ամենը և հարցականի տակ չի դնում ակնհայտ կեղծիքները։ Պրոլետարիատը չափազանց զբաղված է ռեժիմի քաղաքականությունը քննելու համար։ «Ծանր ֆիզիկական աշխատանք, տան ու երեխաների խնամք, դատարկ վեճեր հարևանների հետ, ֆիլմեր, ֆուտբոլ, գարեջուր և ամենակարևորը՝ թղթախաղ. ահա և ամբողջը, որ տեղավորում էր նրանց մտահորիզոնը։ Դժվար չէր հսկողության տակ պահել նրանց», – նկարագրում է Օրուելը (I.VII)։ Ընթերցելիս մենք երբևէ ականատես չենք լինում պրոլետարիատի անդամների կողմից ազատ, սեփական մտքի իրացման։ Նրանց մտքերն օկուպացված են ոչ միայն Մեծ եղբոր քարոզչությամբ, այլև առօրեական շեղող անցուդարձով։

Կուսակցության անդամները և պետական ծառայողները, ինչպիսին Ուինսթոնն է, գտնվում են հեռէկրանների շուրջօրյա վերահսկողության ներքո։ Չնայած սրան, իշխանությունների modus operandi-ի հետ առնչվելով՝ նա ունակ է գաղտնի կերպով, իր մտքում և տետրի մեջ, քննադատել ԱՆԳՍՈՑ-ին։ Իհարկե, նա ֆիզիկապես ազատ չէ, ինչպես պրոլներն են, բայց նրա միտքն է ազատ, նա կարողանում է մտածել և նույնիսկ ամբողջատիրության իշխանությանը վերջ դնելու փորձ նախաձեռնել։

 

Ֆիզիկական ազատություն vs. մտավոր ազատություն

Ու այստեղ բախվում ենք ֆիզիկական ազատության և մտավոր ազատության խնդրին։ Անառարկելի է, որ մարդ լինելու համար պետք է ունենալ ազատություն։ «1984»-ում տեսնում ենք, որ մարդկային ազատությունը առաջին հերթին պետք է մարդու մտքում հաստատվի։ Սա անկյունաքարային է, երբ խոսքը վերաբերում է երկրում առողջ հասարակությանը և քաղաքականությանը։

Ճիշտ է, պրոլները, քիչ թե շատ, ֆիզիկապես ազատ են։ Նրանք շրջապատված չեն անհարմարություն պատճառող հեռէկրաններով, նրանց ամեն մի քայլը չի հետաքրքրում կուսակցությանը։

Կարող է թվալ, որ սա նրանց հնարավորություն է ընձեռում իրացնել իրենց մարդկային ներուժը։ Սակայն, այս ֆիզիկական ազատությունն է (բնազդներով առաջնորդվելը, խմելը, խաղալը, զվարճանալը, ամեն օր երկար ժամեր Մեծ եղբորը ծառայելը), որը արգելափակում է իրենց մտավոր ազատությունը։

 

Ազատ միտքը՝ որևէ փոփոխության հասնելու առաջին պայման

Իսկ որտեղի՞ց է գալիս մտավոր ազատությունը։ Վստահաբար կրթությունից, և խոսքը չի վերաբերում միայն ֆորմալ, դպրոցական կրթությանը։ Դա նաև ինքնակրթությունն ու ընթերցանությունն է։ Տիրապետելով որոշակի գիտելիքների գրականության, քաղաքագիտության, փիլիսոփայության, բարոյագիտության և կրոնի բնագավառներից՝ մարդն ավելի ունակ է վերլուծել իր շուրջ ծավալվող իրադարձությունները, խորհել դրանց պատճառների մասին, որոնել լուծումներ։

Բնականաբար, ազատ միտքը բավարար չէ ցանկալի քաղաքական-հասարակական փոփոխությունների համար, բայց առանց ազատ մտքի, որևէ փոփոխություն դեպի լավը տեղի ունենալ չի կարող։

Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ․ Ջորջ Օրուել

 

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930