Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե 400 միլիոն երեխա տանը ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների

Հունիս 11,2024 17:08

Նոր տվյալները նաև ցույց են տալիս, որ մանկահասակ շատ երեխաներ զրկված են խաղից, զարգացումը խթանող զբաղմունքներից և իրենց ծնողների ու խնամակալների հետ շփումից

ՆՅՈՒ ՅՈՐՔ, հունիսի 11,  2024 թ. — Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գնահատականների՝ աշխարհում 5 տարեկանից ցածր գրեթե 400 միլիոն երեխա, կամ այդ տարիքային խմբի 10 երեխայից 6-ը, տանը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական ագրեսիայի կամ ֆիզիկական պատժի։ Նրանցից մոտ 330 միլիոնը պատժվում են ֆիզիկական մեթոդներով։

Տվյալները նաև ընդգծում են խաղի կարևոր դերը երեխաների զարգացման և երեխաների, ծնողների ու խնամակալների հոգեկան առողջության համար՝ ի պատասխան այն տվյալների, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք ծնողավարության, այդ թվում՝ տանը շփումների ու զարգացումը խթանող զբաղմունքների գերակայություն:

«Երբ երեխաները տանը ֆիզիկական կամ խոսքային բռնության են ենթարկվում կամ երբ նրանք զրկվում են իրենց սիրելիների սոցիալական և էմոցիոնալ հոգատարությունից, կարող է խաթարվել նրանց ինքնագնահատականն ու զարգացումը», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Զարգացնող և խաղով լի ծնողավարումը կարող է ուրախություն պատճառել, ինչպես նաև՝ օգնել երեխաներին իրենց զգալ ապահով, սովորել, զարգացնել հմտություններ և ճիշտ կողմնորոշվել իրենց շրջապատող աշխարհում»:

Ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել արգելել տանը երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական պատիժը: 66 երկրների կեսից ավելին, որոնք արգելել են այս պրակտիկան, վերջին 15 տարիների ընթացքում համապատասխան օրենսդրություն են ընդունել, սակայն դեռևս 5 տարեկանից ցածր գրեթե կես միլիարդ երեխա այդ առումով դեռ առանց համապատասխան իրավական պաշտպանության է:

Համաձայն տվյալների՝ համաշխարհային մասշտաբով երեխաների դաստիարակության բռնի մեթոդների հիմքում ընկած վնասակար սոցիալական նորմերը պահպանվում են, և յուրաքանչյուր 4 մայրերից և խնամակալներից 1-ից մի փոքր ավելին նշում է, որ ֆիզիկական պատիժը անհրաժեշտ է երեխաներին ճիշտ դաստիարակելու և կրթելու համար:

Տվյալները, որոնք հրապարակվել են առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրվա կապակցությամբ, նաև ընդգծում են խնամքի տրամադրման ձևերի և խաղի հնարավորությունների հասանելիության անհավասարությունը: Օրինակ, նոր գնահատականները փաստում են, որ 2-4 տարեկան 10 երեխաներից գրեթե 4-ը տանը չունի անհրաժեշտ փոխադարձ շփումներ կամ զարգացնող միջավայր, ինչը նշանակում է, որ երեխաները կարող են իրենց անտեսված, մեկուսացված ու անապահով զգալ և վարքային խնդիրներ ունենալ, որոնք կարող են պահպանվել մինչև չափահաս տարիք: Միևնույն ժամանակ, 10-ից 1-ը բաց է թողնում իր խնամակալների հետ այնպիսի
զբաղմունքներ, որոնք կարևոր են ճանաչողական, սոցիալական և զգացմունքային զարգացման խթանման համար, ինչպիսիք են, օրինակ, ընթերցանությունը, հեքիաթներ պատմելը, երգելը և նկարելը:

Տվյալները նաև ցույց են տալիս, որ 2-4 տարեկան յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը տանը չի խաղում իր խնամակալների հետ, մինչդեռ 5 տարեկանից փոքր 8 երեխայից 1-ը տանը խաղեր կամ խաղալիքներ չունի:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապացուցահեն ծնողավարման ծրագրերը բարելավում են երեխաների խնամքին ուղղված ձևերը, նվազեցնում են ընտանեկան բռնությունն ու բացասական վերաբերմունքը և բարելավում երեխաների և ծնողների հոգեկան առողջությունը: Այս ծրագրերը ներառում են դրական մոտեցումների ուսուցում (քոուչինգ), ծնող-երեխա ամուր հարաբերությունների կառուցում և խաղերի կարևորության գիտակցում, ոչ բռնի ծնողավարություն և շփում:

Որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա իրեն ապահով և սիրված զգալով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին ուժեղացնել ջանքերն ու ներդրումներ կատարել հօգուտ հետևյալի.
* Պաշտպանություն.  այնպիսի օրենսդրական և քաղաքականության շրջանակների ամրապնդում, որոնք արգելում և վերջ են դնում տանը երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերին:
* Ծնողավարման աջակցություն. ապացուցահեն ծնողական ծրագրերի ընդլայնում, որոնք խթանում են դրական, խաղային մոտեցումները և կանխում են ընտանեկան բռնությունը:
* Խաղերով ուսուցում. երեխաների համար ուսումնական և խաղային վայրերի հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ նախակրթարաններ, դպրոցներ և խաղահրապարակներ:

«Առաջին անգամ նշվող Խաղի միջազգային օրը մենք պետք է համախմբվենք և վերստին պարտավորվենք վերջ դնել երեխաների նկատմամբ բռնությանը և խթանել դրական, զարգացնող և խաղով լի ծնողավարումը», – ավելացրել է Ռասըլը:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930