Լրահոս
Օրվա լրահոսը

«Փշալարն ո՞ւր է. բերեք, վրայով անցնեմ։ Արդեն ամբողջ երկիրը փշալար է»․ Բագրատ սրբազան

Հունիս 11,2024 16:08

«Սա ուղերձ է մարդկանց, սա իշխանափոխությունից ավելի է։ Այս շարժումն արժեքի, քաղաքական մտքի, ապրումների փոփոխություն է։ Մնացածը դատարկ է»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա, մատնացույց անելով իշխանությանը, ասաց․ «Սրանք ի՞նչ հիմքով են եկել իշխանության։ Դրա համար էլ այս վիճակում ենք գտնվում․ արժեքային հիմքը սուտն ու կեղծիքն է»։

Փաստմանը՝ վաղը վճռորոշ օր է և հարցին՝ այս համատեքստում վաղն ի՞նչ գործողություններ են նախատեսվում, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Վաղվա համար բոլորին հրավիրում եմ ժամը 15։00-ին ներկա գտնվելու այստեղ։ Առաջին օրվանից մարդիկ, որոնք ներգրավված են եղել, բոլորն էլ հավատացել են փոփոխություններին։ Այստեղ ենք լինելու․ շատ կարևոր է մեզ համար, որ առաջիկա գործընթացները՝ թե վաղվա, թե հաջորդ օրվա կարողանանք հասցնել իրենց տրամաբանական եզրահանգմանը։ Բոլորին հրավիրում եմ ներկա լինել ու մասնակցություն ունենալ ողջ գործընթացին։ Սա մեկ անձի մասին, կամ ինչ-որ խմբի մասին չէ․ սա մեր երկրի խորքային փոփոխության մասին է, բոլորին է սա վերաբերվում»։

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի քանի ժամ է տվել, որպեսզի հրապարակեն շարժման ֆինանսական ելքերն ու մուտքերը։ Այս առիթով Բագրատ սրբազանն ասաց․ «Ո՞վ է դա, դա ի՞նչ է, ի՞նչ կերպար ունի։ Իրենք չկան, գոյություն չունեն։ Այս երկիրը 15 հոգու ձեռքին կամ մեկ հոգու շուրջ հավաքված էդ սև ասպետներն ուզում են հասցնել իրենց չար նպատակների իրականացմանը։ Նա չկա, գոյություն չունի։ Եթե կասեք՝ ով է, ինչ է, կենսագրությունը ցույց կտաք, կպահանջեք այն մարդու ձեռքը կտրել, որը սուտ է խոսում, այն ժամանակ ես կպատասխանեմ։ Իրենց ամբողջ ուղեղը փողն է, ֆինանսականը, դրանից չկտրվելը, հանկարծակի, պատահական հայտնված լինելը։ Ուրիշ բան իրենք չունեն, չեն էլ կարող մտածել դրա մասին, թե ինչ իրավիճակի են հասցրել երկիրը, որ մարդիկ ստիպված են նորից այս փողոցները դուրս գալ։ 2015-ին ենք այս փողոցներում եղել, հիմա ստիպված ենք դարձյալ վերադառնալ նույն շրջանին։ Մարդը, եթե բարոյականություն ունենար, 2020-ին պիտի թողներ հեռանար»։

Լրագրողները փաստեցին՝ ՀՀ իշխանությունները վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում հաղթելու են։ Բագրատ սրբազանն ասաց․ «Իրենք պիտի իմանան՝ նոր ընտրություններին մասնակցում են, թե՝ ոչ։ Եկեք մեր ապագայից, մեր կյանքից խոսենք, այդ մարդկանց մասին չխոսենք, լուսավոր զգացումների մասին խոսենք։ Այդ մարդիկ ոչ խելք ունեն, ոչ կենսագրություն․ իզուր տեղը ինչո՞ւ եք ժամանակ վատնում։ Իրենք աքլորի պես խոսում են։ Ջիվանու ասած՝ պատմուճանը հագել, բեմ են բարձրացել, խելքի աշեցեք։ Բովանդակություն չունեցող մարդիկ են, հայրենիք հանձնած մարդիկ են նրանք, դարերով սրբարաններում ապրած մեր ժողովրդին բնավեր արած, գերեզմանները քանդած մարիկ են»։

Բագրատ սրբազանը չցանկացավ փակագծեր բացել, թե վաղն ինչ է լինելու ու ցույց տալով ոստիկաններին, ասաց․ «Փակագծերը չբացած՝ ըհը, ո՞ւր մնաց՝ փակագիծ բացենք»։

Բագրատ սրբազանը նաև ժպիտով ասաց, թե խոսում են, որ ինքը մի տուն է վարձել, այդտեղ է ապրում, գիշերները մարդկանց բերում է այստեղ պառկեցնում, ինքը տներում է ապրում։

Լրագրողները Բագրատ սրբազանին փոխանցեցին, որ ժողովուրդն ակտիվ գործողություններ է ուզում, նաև հիշեցրին՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը փշալարի վրայով անցնում էր, քաղաքացիներն ուզում են տեսնել, որ սրբազանն էլ է նման բաներ անում։ Բագրատ սրբազանը ծիծաղով արձագանքեց․ «Փշալարն ո՞ւր է. բերեք, վրայով անցնեմ։ Արդեն ամբողջ երկիրը փշալար է, որի վրայով անցնում ենք․ էդ համացանցը նայեք, դրանց թերթերը, ԱԺ ամբիոնը նայեք, դրանք փշալարից սարսափելի փշալար են, չէ, ատոմային ռումբ են։ Աբսուրդի թատրոն է․ դա ոչ թե փշալար է, այլ այն մեծ մեխերից է՝ մեր ճակատներին գամված»։

Բագրատ սրբազանը նաև տեղեկացրեց, որ այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, օրվա ամփոփում կանեն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

Նշենք, որ այս պահին քաղաքացիները հավաքված են Բաղրամյան պողոտայում։ Նրանց որոշ խմբեր վոլեյբոլ են խաղում, մյուսները նստած զրուցում են։ Բաղրամյան պողոտայում կենտրոնացած են հարյուրավոր ոստիկանական ուժեր։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930