Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմպիչմենտի համար անհրաժեշտ է հանրային այնպիսի ճնշում, որ ՔՊ-ականները միանան». Արծվիկ Մինասյան

Հունիս 11,2024 15:26

«Երեկ Իշխան Զաքարյանին չենք դիմել, որովհետեւ սա այն նախագիծը չէր, որը պահանջում էր 36 ստորագրություն, 27 ստորագրությունն էլ էր բավարար։ Եվ երբեք մտքներովս չի անցել, որ կարող է հանրության մոտ այդպիսի հարց առաջանա՝ ինչո՞ւ 36 ստորագրություն չէ, այլ 33 է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները ստորագրել են կառավարության հրաժարականի պահանջով ուղերձի նախագծի տակ, իսկ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Տարոն Մարգարյանը տեխնիկական պատճառով չեն ստորագրել։

Ըստ Մինասյանի՝ իշխանությունը հիմա փորձում է խուսափել այս նախագծի քննարկումից, փորձում է նախագծին տալ այլ բնույթ, ներկայացնում է, թե ընդդիմությունը չկարողացավ իմպիչմենտի գործընթաց իրագործել։ Մինչդեռ, ըստ Մինասյանի, իմպիչմենտի գործընթացն ու երեկ ներկայացված ուղերձի նախագիծը միմյանց հետ բացարձակ կապ չունեն։

«Ուղերձի նախագծի էությունը ոչ թե, ինչպես ներկայացնում է իշխանությունը, ժողովրդի տված ձայներով ձեւավորված իշխանությունը վերցնելն է, այլ առաջարկ, պահանջ, որպեսզի իշխանություն համարվող այս խումբն ինքն իր մեջ գտնի փոփոխության հնարավորություն։ ԱԺ ուղերձի այս նպատակը եղել է այն, որ ԱԺ-ն դիմում է գործադիր իշխանությանը, որպեսզի գործադիր իշխանությունը դադարեցնի հակածրագրային գործունեությունը եւ իր մեջ գտնի ուժ՝ փոփոխություն իրականացնելու։ Գործող կառավարությունը կարող է փոփոխվել միայն մի ձեւով՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, ձեւավորվի նոր կառավարություն, ներկայացնի նոր ծրագիր։ Այս ուղերձի նպատակն էր, որպեսզի այս հակասահմանադրական ընթացքը իշխանությունն ինքն իրենով կարողանա փոփոխության ենթարկել։ Այդ թվում՝ նաեւ կարողանա բանակցությունների մեջ մտնել հանրության հետ, այն ժողովրդի հետ, որը պահանջներ է առաջադրում։ Հիմա իրենք ինչի՞ց են խուսափում եւ ինչո՞ւ են փորձում այս գործողությունը խեղաթյուրել։ Ռուբեն Ռուբինյանը ելնում է եւ հայտարարում է, թե ինչո՞ւ իմպիչմենտի նախաձեռնություն չի արվում։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ այս նախաձեռնությունն իմպիչմենտի նախաձեռնությունը չէ»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ սա հստակ գնահատական է, որ քաղաքական մեծամասնություն կոչված խմբակը նույնիսկ ընդունակ չէ իր ծրագիրը, որը չեն իրականացրել, փոփոխության ենթարկել։ «Իրեն նույնիսկ սրան ընդունակ չեն, սա են փորձում խեղաթյուրել ու կեղծել, իմպիչմենտի դեպքում այս մարդիկ ունա՞կ են, այդքան գիտակցություն ունե՞ն, որ իշխանությունը փոխանցեն ժամանակավոր կառավարությանը։ Եթե ուզում եք իմանալ՝ սա նաեւ ստուգողական եւ արձանագրող փաստ է»,- հավելեց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ բազմիցս ասվել է՝ իմպիչմենտի համար ընդդիմադիր 35 պատգամավորների մասով խնդիր չկա։ «Երեկ ես կարդացի նաեւ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որ՝ գնացեք 53 ձայն հավաքեք, գնացեք ՔՊ-ից 18 ձայն բերեք, համարեք՝ ես կմիանամ ձեզ։ Պարոն Զաքարյանը հիմա պետք է բացատրի՝ 36 ստորագրության տակ ինքը դնելո՞ւ է իր ստորագրությունը։ Եթե դուք ասում եք՝ պրոցես արեք հանուն պրոցեսի, ոչ թե արդյունքի, դա այլ բա է։ Կարող ենք դնենք, 35-ն էլ ստորագրենք, ասենք՝ դե Իշխան Զաքարյան, արի դու էլ ստորագրիր, եւ կասենք՝ մեր գործն ավարտված համարեցինք։ Դա՞ է ձեր ուզածը։ Բազմիցս ասել ենք, որ,այո, իմպիչմենտի գործընթացն իր տրամաբանական արդյունքին պիտի հասնի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Դա նշանակում է առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ մենք կարողանանք ինչ-որ տոկոսային հարաբերակցությամբ ունենալ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված է այս գործողությանը միանալու։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող արձանագրել այդ իրավիճակը։ Դուք տեսնում եք, որ հանրային ճնշում կա, բայց հանրային ճնշումը բավարա՞ր է, ոչ, բավարար չէ»,- նշեց նա։

Ըստ Մինասյանի՝ հանրային ճնշումը պետք է ավելի ուժեղանա, որպեսզի իմպիչմենտի գործընթաց նախաձեռնվի եւ վարչապետի թեկնածու առաջադրվի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930