ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ՔՊ-ն փորձում է ձախողել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ գործող կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։
«Սրբազան շարժմանը հետեւում եմ ԱԺ դահլիճում։ Մեր ընդդիմադիր գործընկերներն անվստահություն գործընթաց չեն նախաձեռնել։ Ինձ համար շատ տարօրինակ է, երեկ ԱԺ խորհրդի նիստում էլ ես հարցրեցի՝ ինչո՞ւ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել եւ փոխարենը նախաձեռնել էին ԱԺ ուղերձի նախագիծ։ Ինքնին այդ նախաձեռնության տակ ստորագրել էին ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորները։
Դուք նշեցիք Իշխան Զաքարյանի մասին, բայց ես նկատեցի, որ Պատիվ ունեմ խմբակցությունից երկու պատգամավոր նույնպես չէին միացել։ Նկատի ունեմ՝ իրենք անվստահության գործընթաց չեն նախաձեռնել, եթե նախաձեռնեին՝ բնականաբար չէինք միանա»,- ասաց նա։
Արտահերթ նիստ անցկացնելու համար ընդդիմադիր խմբակցությունները 33 ստորագրություն են ներկայացրել. այս նախաձեռնության համար անհրաժեշտ էր առնվազն 27-ը։ Չեն միացել «Պատիվ ունեմ» խմբակցության երկու պատգամավոր՝ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը, որոնք, ըստ Արծվիկ Մինասյանի պարզաբանման՝ հոգեհանգստի մասնակցելու նպատակով գտնվում էին մարզում:
Կարդացեք նաև
«Եկեք մանրամասն քննարկենք այս խոսույթը՝ տաճարը կհաղթի փողոցին։ Ես լավ չեմ հասկանում՝ ո՞նց էր կարելի գնալ փողոց, փողոցում պայքարել, որպեսզի տաճարը հաղթի փողոցին։ Այսինքն՝ տաճա՞րն է եկել փողոց։ Հետո ասում են՝ եռագույնը կհաղթի սեւ ու սպիտակին։ Հիմա եռագույնը, թե՞ մանուշակագույնը։ Փաստ է, եթե մենք այսօր քննարկում են այս լեզվաբանական հարցերը, նշանակում է, որ իրական օրակարգ չկա, որը պիտի քննարկենք։ Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջանում քննարկել տաճարը կհաղթի փողոցին արտահայտությունը, որովհետեւ իրական բովանդակություն չկա։ Մենք չգիտենք՝ իրենք իրականում ինչ քաղաքականություն են վարում, որ դա քննարկենք։ Միակ տեսանելի ու շոշափելի բանն այն է, որ իրենք ուզում են Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, իրենք գան իշխանության։ Մեր դիրքորոշումն էլ այն է, որ, ոչ։ Նախ իրենք իշխանություն չեն ստանալու մեզանից, երկրորդ՝ իրենք կարող են իշխանություն ստանալ ժողովրդից, եթե մասնակցեն հերթական խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետեւ սահմանադրական կամ օրենսդրական որեւէ ճգնաժամ չի առաջանում։ «Գուցե Ազգային ժողովում մի փոքր ավելի լուռ մնան, դա է լինելու միակ տարբերությունը։ Քաղաքական ճգնաժամ տեսականորեն կարող է առաջանալ, երբ ընդդիմությունը ներկայացնում է հանրության մի մեծ հատվածի վստահությունը եւ պատգամը, ու եթե իրենք քաղաքական ակցիա են իրականացնում եւ հեռանում են խորհրդարանից, դրանից կարող է որեւէ բան փոխվել։ Կհամաձայնեք՝ մենք գործ չունենք այդպիսի ընդդիմության հետ»,- հավելեց նա։
Հարցին, թե որքա՞ն քաղաքացի պետք է դուրս գա փողոց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, նա պատասխանեց. «Ես այդ հարցն ինքնին սխալ եմ համարում, որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ գոյություն ունի ընտրությունների մեխանիզմ։ Աշխարհը ինչո՞ւ է հնարել ընտրությունների մեխանիզմը, որ ոչ թե մարդիկ դուրս գան փողոց, եւ ինչ-որ մեկը հարց տա՝ որքա՞ն մարդ է բավարար, որպեսզի իշխանություն փոխվի, այլ որպեսզի մարդիկ քաղաքակիրթ ձեւով գնան ընտրատեղամասեր, քվեարկեն, եւ ըստ դրա ձեւավորվի իշխանություն»։
Դիտարկմանը, որ 2018-ին իրենք իշխանության են եկել փողոցի միջոցով, Ռուբինյանը պատասխանեց. «2018 թվականին չկար ժողովրդական ազատ ու արդար ընտրությունների մեխանիզմ։ Դրա համար էլ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Կհամաձայնեք, որ 2018 թվականից հետո անցկացված ոչ մի ընտրության ազատ, թափանցիկ եւ արդար լինելը չի վիճարկվել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ