Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները պետք է տեղակայվեին Ոսկեպարի դպրոցի հարևանությամբ․ շարժման հաջողությունն է, որ սահմանը հիմա այդտեղով չի անցնում»․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 11,2024 14:43

«Ասում են՝ ճնշման արդյունքում է, որ Ոսկեպարի հատվածում այդ առաջընթացն այնքան չեղավ, ինչքան Ադրբեջանն ակնկալում էր։ Այսինքն՝ միայն պայքարի արդյունքում կարող ենք զսպել Ադրբեջանի պահանջները, որոնք անհատնելի են։ Հիմա էլ ադրբեջանական կողմը սպասում է, որ այս շարժումը մարի, Հայաստանում բողոքողներ չլինեն, որ հերթական պահանջը ներկայացնի։ Մենք նաև կանգնեցնում են գործընթացներ, աշխարհաքաղաքական խաղաքարտեր ենք խառնում իրար»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հաջողություններին։

Լրագրողների դիտարկմանը՝ խոստանում էիք, որ պայքարը վճռական փուլ է մտնելու, բայց ընդամենը ԱԺ-ում ուղերձի նախագիծ է ներկայացվել և հարցին՝ համարում եք, որ այդպես մարդկանց սպասելիքները կարո՞ղ են բավարարել, պատգամավորն արձագանքեց․ «Կարծում եք՝ այդ նախաձեռնությունը պակա՞ս կարևոր է։ Բոլոր նախաձեռնությունները և անելիքները չափազանց կարևոր են։ Այսօրվա ակցիան կարևոր է․ թվում է, որ ընդամենը ակցիա է, բայց շատ մեծ խորհուրդ ու նշանակություն ունի։ Մեր երկիրն այն վիճակում է, որ ցանկացած փոքր քայլ, մեծ քայլ կարող է արդյունք տալ»։

Խոսելով շարժման ձեռքբերումների մասին՝ նա ասաց․ «Կարողացել ենք ամբողջ աշխարհում բարձրացնել մեր բողոքի ու անհամաձայնության ձայնը։ Մինչև այդ ամբողջ աշխարհը մեզ ասում էր՝ ասում եք, որ իշխանությունը լեգիտիմ չէ, բայց ՀՀ ժողովուրդը որևէ կերպ իր դժգոհությունը չի հայտնում, գործընթացներ չկան։ Մեր աշխատանքի արդյունքն է, որ Հանրապետության հրապարակում հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ»։

Լրագրողների հակադարձմանը՝ միևնույն է, Տավուշում սահմանագծում եղավ, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «Իրենց խնդիրը հետևյալն էր․ մենք ասացինք, որ նման բան տեղի է ունենալու։ Առաջիններից մեկը ես եմ բարձրացրել այդ տարածքների հանձնման հարցը։ Իշխանավորներն իմ աչքերի մեջ նայելով՝ ստել են, ասել են՝ նման բան գոյություն չունի, հետո իրենց առաջնային տարբերակում նաև փակ քննարկման ժամանակ է այդ խոսակցությունը եղել։ Ես ասել եմ՝ պատրաստվում եք ոսկեպարցիների անմիջապես քթի տակ տեղակայել ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները պետք է տեղակայվեին Ոսկեպարի դպրոցի հարևանությամբ։ Իրենք խոստովանել են․ Արարատ Միրզոյանն ինձ ասել է՝ լավ էլ տեղերը գիտեք։ Նաև մեր ճնշմամբ է, որ մենք կարողացել ենք պայքարելով այդ ժողովրդի հետ այս պահի դրությամբ համենայն դեպս, գյուղի դպրոցի մոտով չի անցնում սահմանը։ Սա որոշակի հաջողության արդյունք է։ Մեր պլանների մեջ մտել է այն, որ առհասարակ առաջխաղացում տեղի չունենա, որ այն սահմանները, որոնք կան, մնան»։

Գառնիկ Դանիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան նաև նշեց․ «Գիտե՞ք՝ ինչու են մինչև հիմա իշխանությունները իշխանության ղեկին, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գալիս։ Առաջին պատճառն այն է, որ կան ճնշումներ, որ տեղի են ունենում իշխանությունների կողմից։ Ճնշում են մանկավարժներին, պետական ոլորտում աշխատողներին, արցախցիներին։ Եթե ազդանշան տալու համար մեր քաղաքացուն մեքենայի ղեկից դուրս են բերում ու գլուխը ջարդում, սա չի՞ կարող զսպող հանգամանք լինել, որ մարդ չգա այստեղ։ Որ օրն ասեն, որ մարդկանց չեն ահաբեկելու, այստեղ հարյուր հազարավոր մարդիկ են գալու»։

Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց՝ ինքն ու սրբազանը հոգնող, խեղճացող մարդ չեն․ «Ամիսներ շարունակ պայքարել ենք։ Ապրիլից Կիրանց գյուղի ճանապարհը փակվել է, դրանից առաջ Ոսկեպարի համար ենք պայքարել։ Երբ ակտիվ գործողությունների ժամանակն է գալիս, մեր սիրելի հայրենակիցները շատ ժամանակ հոգնում են․ ասում են՝ անձրև, կարկուտ կլինի։ Անձրևի, կարկուտի ժամանակ ցավազրկող ենք խմում ու շարունակում մնալ այստեղ։ Ակտիվ գործողություններն այլ բան են, հրապարակում մնալը՝ այլ։ Ես որևէ կերպ մեր հայրենակիցների վրա մուննաթ գալու բան չունեմ, բայց երբ գալիս է գործողությունների ժամանակը, պետք է ավելի կարգապահ լինենք և հետևողական։ Եթե ասում ենք՝ այս օրը կառավարության շենքը պիտի շրջափակվի, ուրեմն պետք է դիմել գործողությունների։ Քաղաքացիները շատ ժամանակ ասում են՝ գործողությունների դիմեք։ Այստեղ հավաքվելը գործողությո՞ւն չէ։ Մեր սիրելի քաղաքացիները պետք է ակտիվ լինեն գործողությունների, ճնշումների ժամանակ»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ մինչև խոշտանգումները, ծեծը պատասխան չստանան, մեղավորները պատասխանատվության չկանչվեն, ԱԺ-ում նստածներ կմտածեն, որ ամեն ինչ ճիշտ են անում։

Գառնիկ Դանիելյանը չմանրամասնեց հետագա անելիքների մասին՝ նշելով, որ նախապես իմանալու դեպքում իշխանություններն իրենցից առաջ գործողություններ են նախաձեռնում․ «Մինչև Հանրապետության հրապարակից այստեղ կգայինք, մեզնից առաջ մի քանի հազար ոստիկանական ուժեր էին տեղակայված ամենուր։ Տարբեր տիպի միջոցառումներ են իրականացնում առանց որևէ մի օրինական հիմքի։ Էս երկրում ով որտեղ կարող է գաղտնալսումներ իրականացնել, իրականացնում է։ Մարդ չի կարող ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հետ մի բան խոսել, քանի որ ամենուր տեսախցիկներ են տեղադրում կամ ժուչոկներ, մտնում են մարդկանց անձնական դաշտ, հեռախոսների մեջ ծրագրեր են ներդնում։ Այժմ էլ ամեն ծառի տակ մինչև ատամները զինված, ամրակազմ, դիմակներով մարդիկ են, որոնք այս պահին սահմանում շատ անհրաժեշտ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930