Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը վերջերս Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին ուղիղ մեղադրել էր հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար։ «Առավոտը» ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ այդ ի՞նչ քաղաքականություն է վարում ՔՊ-ն, որ միջազգային այս ինստիտուտը իրենց մեղադրում է Թուրքիայի շահերը սպասարկելու մեջ։
«Ես կարծում եմ՝ Լեմկինի ինստիտուտը օգտակար գործունեություն էր ծավալում միջազգային իմաստով, բայց վերջին շրջանում մեր ընդդիմությունը որոշել է նաեւ գործիքայնացնել դա, որոշակի կապեր կան։ Եվ դա լավ չէ, օրինակ, ինչպես գործիքայնացրեցին եկեղեցու որոշ սպասավորների եւ դրանով իջեցրեցին այդ սպասավորների վարկը։ Ես հիմա չեմ ուզում բացատրել, թե Լեմկինի ինստիտուտը… որովհետեւ դա կվնասի մեր արտաքին քաղաքականությանը։ Եկեք ես չպատասխանեմ Լեմկինի ինստիտուտի մասին հարցին, որովհետեւ ես կարող եմ շատ լավ պատասխանել, եւ դա օգտակար կլինի ներքաղաքական իմաստով, բայց բացասական ու վնասակար կլինի արտաքին քաղաքականության իմաստով»,- ասաց Ռուբինյանը։
Անդրադառնալով հարցին, որ Թուրքիայից ու Ադրբեջանից ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններ են հնչում, իրենք դատապարտո՞ւմ են դա, Ռուբինյանը պատասխանեց. «Եթե հարցնեիք՝ արդյոք ինձ համար անընդունելի՞ է որեւէ երկրի խառնվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին, ես ձեզ կասեի՝ այո, ես միանշանակ դատապարտում եմ»։
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղվեց նաեւ այն մասին, որ Ալիեւը առաջ է քաշում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից պաշտոնական արձագանք չկա Ալիեւի պահանջներին, նա պատասխանեց.
«Բայց ինչո՞ւ պետք է արձագանք լինի բանին, որը կեղծ թեմա է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ