Մարգարայի անցակետը վերանորոգվել է արդեն եւ պատրաստ է շահագործման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ առաջընթաց չկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը պիտի բացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։ Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք, ավարտել ենք, եւ անցակետը պատրաստ է շահագործման համար, իսկ թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ։ Բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին Անթալիայում։ «Պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանավորվածություն, որ հանդիպում տեղի կունենա Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ։ Ժամկետի եւ այլնի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չունենք»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, Ռուբինյանն ասաց. «Ես չեմ ուզում մեկնաբանություն անել այդ մասին, ես ասում եմ, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանը բացվի, եւ մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կիրականացվի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ