Երեկ երեկոյան հայտնի դարձան այն ջութակահարների անունները‚ որոնք հաղթահարել են Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի 2-րդ փուլը և եզրափակիչ փուլում կպայքարեն դափնեկրի կոչման համար։ Մրցույթի երրորդ փուլ են անցել Սերգեյ Մկրտչյանը (Ռուսաստան)‚ Ռիո Արաին (Ճապոնիա)‚ Տոմոտակա Սեկին (Ճապոնիա)‚ Զոֆիա Աննա Օլեսիկը (Լեհաստան)։
Այսօր մեկնարկում է երրորդ՝ եզրափակիչ փուլը‚ որի ընթացքում մասնակիցները ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Կատարման պարտադիր ծրագրում ներառված է նաև Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Իսկ ահա հունիսի 13-ին՝ մրցույթի փակման գալա համերգի ընթացքում‚ կհայտարարվեն մրցանակակիրների անունները։
Հիշեցնենք‚ որ այս օրերին Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը։ Մրցույթն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ