«Ես այստեղ եմ վերահաստատելու երկկողմ հարաբերությունների համատեքստում մեր ամուր աջակցությունը՝ տարբեր ուղղություններում…Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս հաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, եւ ՀՀ կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ ազդեցիկ ջանքեր է իրականացրել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսության կազմում, իսկ Հայաստանի ժողովրդին հնարավորություն ապահովելու՝ առավել ազատ արտահայտվելու ժողովրդավարական միջավայրում»,-նշեց ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ երկու երկրների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ:
«Այս ամենը հիմքն է այն բոլոր աշխատանքների, որ հետագայում կիրականացնենք: Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձեւավորել է աշխույժ տնտեսությունը, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով: Բրյուսելում ապրիլի 5-ին, երբ քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի, պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առեւտրի ընդլայնման մեծ հեռանկար ենք տեսել, նաեւ Հայաստանի մասնաբաժինը գլոբալ առեւտրում մեծացնելու հնարավորություններ:
Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր՝ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Սա նոր հնարավորություններ կբացի առեւտրի համար, կդյուրացնի առեւտուրը՝ բիզնեսի համար առաջիկա տարիներին: Սրանք այն խոստումների մի մասն են, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»,-նշեց Օ՛Բրայենը:
Կարդացեք նաև
ԱՄՆ փոխպետքարտուղարի ձեւակերպմամբ. «Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները: Մեզ համար ոգեւորիչ է տեսնել մեծ քայլերը, որ ՀՀ կառավարությունը կատարել է՝ որոշները մեր աջակցությամբ, դարձնելով իրավունքի գերակայությունը հիմնարար եւ պայքարելու կոռուպցիայի դեմ, հնարավորություն տալով մարդկանց իրենց դիրքորոշումները ժողովրդավար ձեւով հայտնելու»:
Ջեյմս Օ՛Բրայենն ասաց, թե գիտեն, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը եւ ժողովրդավարությունը զուգահեռ կողք կողքի գոյություն ունեն, եւ իրենք աջակցում են դրանց ուղղված բոլոր քայլերին տարածաշրջանում. «Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ կենտրոնական Ասիայից մինչեւ Միջերկրական ծով: Եթե տեւական խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն: Ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել ջանքերին Հայաստանում:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալներից մեկը՝ Բրենդոն Յոդերը վերջերս այցելեց Հայաստան: Նա համակարգում է Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության աշխատանքները: Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ասպարեզում մեր աշխատանքները, նաեւ պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել: Անցյալ տարի տեղի ունեցավ մեր առաջին զորավարժությունը, սպասում ենք ավելիին: Ակնկալում ենք աշխատել անվտանգության, կիբերանվտանգության, էներգետիկ, պարենային անվտանգության ասպարեզում: Այստեղ Հայաստանը հնարավորություններ ունի սեփական կարիքների ապահովման ուղղությամբ, եւ այդ ջանքերում պատրաստ ենք աջակցել Հայաստանին»:
Փոխպետքարտուղարն ընդգծեց, որ ցանկանում են ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի խորությամբ կառուցել համագործակցությունը: Նա նաեւ ներկայացրեց բոլոր այն պաշտոնյաներին, որոնք պատվիրակության կազմում ժամանել են Հայաստան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ