«Հայկական կողմի դիրքորոշումները երկու հարցերի վերաբերյալ չեն փոխվել։ Ես հիշեցնեմ՝ որոնք են այդ երկու հարցերը՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների ներքո։ Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, եւ այդ համաձայնությունը ֆիքսվել է 2022 թվականին Պրահայում, այնուհետեւ Սոչիում, Բրյուսելում։ Եվ եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն խաղաղության պայմանագրում, խաղաղության պայմանագիր կարելի է շատ արագ ստորագրել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին, թե առանց ապաշրջափակման Հայաստանը պատրա՞ստ է «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ադրբեջանի հետ, Ռուբինյանը պատասխանեց, որ տեսականորեն տարբեր սցենարներ կարող են լինել, չի ուզում հիմա մեկնաբանել։
Հարցին, թե քննարկվո՞ւմ է ապաշրջափակվող ճանապարհներին վերահսկողությունը պատվիրակել միջազգային որեւէ կազմակերպության, նա պատասխանեց. «Ես ձեզ ասացի, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության եւ հավասարության սկզբունքներով»։
Կարդացեք նաև
Նա հավելեց. «Մենք համարում ենք, որ, այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, եւ մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն եւ ստորագրել։ Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջությամբ ամբողջականացված չէ։ Եթե հնարավոր լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք»։
Անդրադառնալով հարցին, որ Բաքուն շարունակում է տարբեր պահանջներ առաջադրել, այդ թվում՝ Մինսկի խմբի լուծարման հարցն է առաջ քաշում, ի՞նչ է սա փաստում, Ռուբինյանը պատասխանեց. «Եթե դուք նկատի ունեք Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունը, մեր արտգործնախարարությունն այդ հայտարարություններին պատասխանել է, այդ հայտարարությունները համարել է խաղաղության գործընթացի տորպեդահարում։ Եվ ես կիսում եմ այդ տեսակետը»:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է նոյեմբերին ստորագրվի պայմանագիրը, Ռուբինյանը պատասխանեց, որ եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր են համարում հենց վաղը։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, նա ասաց. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, դա չի կարող լինել համակցման օրակարգ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ