Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Այսօր էլ Եվրամիությունում շարունակվում է գաղութացման քաղաքականությունը

Հունիս 11,2024 12:45

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նախորդիվ գրել էի, որ առաջիկայում կներկայացնեմ նաև հունիսի 6-ին Բաքվում Թյուրքական պետությունների  խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) 13-րդ Գլխավոր ասամբլեայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևի խոսքն ուղղված Հունգարիայի ԱԺ փոխնախագահին։

Այսպես, հանդիպման ժամանակ Ալիևն ասել է․ «Ես գիտեմ, որ ԵՄ-ում Հունգարիան ենթարկվել է մեծ ճնշման։ Սա Եվրոպայում հռչակված ժողովրդավարական սկզբունքների լիակատար խախտում է։ Արդյո՞ք պատժամիջոցներ են սահմանվել Հունգարիայի նկատմամբ։ Այո, դրանք եղել են: Արդյո՞ք Հունգարիան զրկվել է այն ֆինանսական միջոցներից, որոնց իրավունքն ուներ: Այո։ Ինչո՞ւ։ Որովհետև Հունգարիան պաշտպանում է ավանդական արժեքները։ Այդ երկիրը պաշտպանում է իր ժողովրդին, պաշտպանում է իր երիտասարդությունը վնասակար ազդեցությունից: Այն հռչակում է ընտանեկան արժեքները որպես բարձրագույն արժեք: Ահա թե ինչու նրանք, ովքեր դեմ են այս ավանդական արժեքներին և աշխարհը դեպի անդունդ են տանում, պատժամիջոցներ են կիրառել Հունգարիայի դեմ։ Սա վրդովեցուցիչ է: Եթե   դու ՆԱՏՕ-ի անդամ ես, եթե ԵՄ անդամ ես, եթե գտնվում ես Եվրոպայի սրտում, ապա պատժամիջոցներ են կիրառվում մի երկրի նկատմամբ, որը ցանկանում է վարել սեփական քաղաքականությունը։

Ուրեմն որտե՞ղ է ժողովրդավարությունը: Արդյո՞ք բոլորը պետք է համաձայնեն: Արդյո՞ք բոլորը պետք է նստեն և լսեն արևմտյան որոշ երկրներում ապրողների խոսքերը։ Ո՞վ է նրանց տվել այս իրավունքը։ Նրանց անցյալը հպարտանալու բան չէ: Նրանց անցյալը լի է արյունով։ Նրանց անցյալը գաղութատիրությունն է։ Նրանց անցյալը ժողովուրդներին տանջելու և անօրինական օկուպացիայի մասին է։ Այսօր էլ Եվրամիությունում շարունակվում է գաղութացման քաղաքականությունը։ Բայց ինչ-որ մեկը առարկո՞ւմ է դրան։ Ո՛չ։ Ահա թե ինչու է Հունգարիան այս պայքարի առաջնագծում, և ես բազմիցս ասել եմ իմ ընկեր Վիկտոր Օրբանին, որ ձեզ համար ավելի դժվար է։ Մենք այստեղ ենք ապրում, մենք եվրոպացի չենք, չենք ուզում միանալ եվրոպական ընտանիքին, բայց եթե ցանկանանք էլ, մեզ այնտեղ ոչ ոք չէր թողնի։ Ահա թե ինչու ենք մենք այստեղ ապրում, ոչ մեկի հրամանը չենք լսում, ոչ մեկին թույլ չենք տալիս գալ այստեղ և խառնվել մեր աշխատանքին․․․ Բայց Հունգարիան այնտեղ է, և ես գիտեմ, թե որքան դժվար է ամեն օր ճնշման տակ լինելը: Հունգարիան այժմ նախագահելու է Եվրամիությունը։ Արդեն Հունգարիայի դեմ ծրագիր է մշակվում, որ, ինչպես ասվում է, խափանել այս նախագահությունը և զրկել Հունգարիային այս նախագահությունից։

Մենք տեսնում և գիտենք այս ամենը, և դուք պետք է իմանաք, որ հարգանքը ձեր կառավարության և ձեր երկրի նկատմամբ ոչ միայն թյուրքական աշխարհում, այլև ընդհանրապես աշխարհում մեծանում է»։

Ես ցանկանում եմ հիշեցնել, որ հենց Օրբանն է եղել քնած հային՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում կացնահարող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գլխավոր կազմակերպիչը։ Հետագայում հետաքննություն իրականացնող ՀԿ-ները բացահայտեցին, որ Օրբանն այդ գործարքի դիմաց 7 միլիոն դոլար է ստացել Ալիևների ընտանիքից։ Իսկ այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ ագրեսիա ձեռնարկած, հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած, ցեղասպան քաղաքականություն իրագործած, քնած հային կացնահարողին հերոսացրած բռնապետը մեղադրում է Եվրոպային «գաղութատիրության», «իսլամաֆոբիայի» և բազմաթիվ այլ մեղքերի մեջ։ Դա Ալիևին «հուսալի գործընկեր» հռչակելու պատասխանն է։ ԵՄ-ն և առհասարակ արևմտյան գործընկերները դեռ շատ դառը հետևանքներ են քաղելու Ալիևի հանդեպ այս ջերմ ու հանդուրժող քաղաքականությանն ի պատասխան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930