«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այս պահին իրազեկման երթ է անում։ Շարժման համակարգողներից Գառնիկ Դանիելյանը երբ հայտարարեց, որ սկսում են երթ իրականացնել, նրան մոտեցավ ոստիկանը եւ ասաց, որ երթի մասին պետք է նախապես տեղեկացներ։ Ապա ոստիկանը հարցրեց՝ ուր եք գնում, որն է երթի նպատակը։ Դանիելյանը տեղեկացրեց՝ Բաղրամյանով, Սարյանով իջնում ենք։
Ոստիկանները հորդորեցին՝ որտեղ երթեւեկություն լինի, այդ հատվածում մայթով քայլեք։
Երթի ժամանակ Դանիելյանը հայտարարեց՝ այս օրերին ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ՀՀ ինքնիշխան տարածքները հանձնել է թշնամուն․ «Այդ հայրենազրկման գործընթացը փորձում են շարունակել նորանոր զիջումներով եւ նորանոր գյուղեր, բնակավայրեր հանձնելով թշնամուն։ Այս պահին, երբ մենք երթ ենք իրականացնում, նորից տեղի են ունենում հայ ժողովրդի թիկունքում հանցավոր պայմանավորվածություններ, առաջիկայում նորից զիջումներ են անելու, որը կենսական նշանակություն ունի մեր հայրենիքի համար»։
Դանիելյանը հայտարարեց՝ պետք է կասեցնել իշխանության՝ հայ ժողովրդին նվաստացնող գործողությունները։
Կարդացեք նաև
Նշենք, որ շարժումը վրաններ է տեղադրել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, շարժման անդամները գիշերում են այդտեղ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ