«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով բողոքը Վճռաբեկ դատարան է ուղարկվել այս տարվա ապրիլին»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն ու հավելեց. «Գործով ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, դեռ ոչ մի նորություն չկա, ես չեմ ուզում հիմա գնահատականներ տալ: Ստանանք Վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ այդմ կհասկանանք»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել. դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միեւնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, եւ որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։
Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին եւ ազատազրկման դատապարտել 9.5 տարի ժամկետով, իսկ դատարանը մեղսագրվող ընտրական հանցագործությունների մասով արդարացրել է, մյուս մասով էլ պայմանական դատապարտել՝ սահմանելով փորձաշրջան։ Բայց այդ դատավճռի ամենակարեւոր կետը համայնքապետ աշխատելու սահմանափակումն է` 5 տարի ժամկետով:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: