Օրերս ավարտված Եվրախորհրդարանի ընտրություններում «աջ» կուսակցությունները զգալի հաջողությունների են հասել: Հատկապես Ֆրանսիայում եւ Գերմանիայում «աջերը» գերազանցեցին իշխող ուժերին, ինչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար հիմք դարձավ՝ իր վարած քաղաքականության հանդեպ վստահության հարց դնելու: Նա ցրեց խորհրդարանը՝ ասելով, որ չի կարող ձեւ անել, թե ոչինչ չի պատահել:
Այնպես չէ, որ Մակրոնը չի ուզում մնալ իշխանության. պարզապես հասկանում է, որ չի կարողանա ղեկավարել՝ նստելով «խախուտ աթոռին»: Անպատիվ ղեկավարումն արդյունավետ չէ: Ֆրանսիայի հասարակությունն էլ չի հարգի այն պաշտոնյաներին եւ պատգամավորներին, որոնք կառչած են իրենց աթոռներից եւ մանդատներից:
Դուք կասեք, որ 2021 թվականին Փաշինյանը նույնպես արտահերթ ընտրություններ է անցկացրել ու հաղթել: Այո, հաղթել է՝ խոստանալով Շուշիի եւ Հադրութի «խաղաղ դեօկուպացիա», ինչպես նաեւ Արցախում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովում: Չարժե՞ արդյոք ստուգել, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում այն իշխանությանը, որն այդ խոստումները չի կատարել: Չեմ բացառում, ի դեպ, որ հիմա էլ նման իշխանությունը միանգամայն «ձեռնտու լինի» հայաստանցիների մեծամասնության համար:
Եվ այստեղից մենք սահուն անցում ենք կատարում քաղաքացիների արժանապատվությանը: Ինձ համար անպատվություն է, որ թշնամին քանդում է մեր եկեղեցիներն ու գերեզմանները: Նաեւ խայտառակություն է, որ իմ երկրի ղեկավարությունն այդ թշնամուն, թեկուզ ինչ-որ առումով, «կառուցողական» է համարում:
Կարդացեք նաև
Անպատվություն է, որ թշնամին ստիպում է քեզ փոխել քո երկրի օրենսդրությունը: Անպատվություն է, երբ նա նոր պատերազմով է սպառնում, եթե դու ունենաս այս կամ այն սպառազինությունը: Անպատվություն է, որ նա գերության մեջ է պահում քո քաղաքացիներին:
Փաշինյանի եւ ՔՊ-ի համար դա OK է: Լավ, ենթադրենք, իրենց կուրացրել են մանդատներն ու աթոռները, եւ նրանք ձգտում են դրանք եւս մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս վայելել: Նույնիսկ ընդդիմադիր ցուցակով ընտրված պատգամավորը ծպտուն չի հանում եւ պինդ գրկել է իր մանդատը՝ վախենալով, որ իշխանությունն իր դեմ «կոմպրոմատ է աշխատեցնելու»: Ընդդիմադիր պատգամավորները նույնպես, չնայած ելույթներ ունենում են, չեն շտապում հրաժարվել իրենց մանդատներից:
Իսկ շարքային քաղաքացինե՞րը: Իմ տպավորությամբ, պարտությունը եւ ստորացումը նրանց մեծամասնությանը ցավ չի պատճառում: Նրանք «նախկինների վերադարձից» (որը բացառված է) եւ պատերազմից (որը ռեալ է՝ անկախ ամեն ինչից) ավելի շատ են վախենում, քան ստորաքարշ կյանքից: Խնդիրը, մեծ հաշվով, նրանց մեջ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այո, «նախկինների վերադարձն» արդեն բացառվում է, քանի որ էլ չկա Արցախ, որը եղել է նրանց քաղաքական կենսագրության հիմքն ու էությունը։ Ըստ էության, 2021 թվականի ընտրություններում բոլոր խնդիրները լուծվեցին հօգուտ թյուրքական աշխարհի։ Այն ժողովուրդը, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, որն այն համարեց իր մեծագույն նվաճումն ու արժեքը, չկարողացավ չատել, չվախենալ, ներել ու հանդուրժել իր երկրի ու ժողովրդի պատմության ամենակարևոր պահին: Նման սխալների համար մենք շատ թանկ ենք վճարելու։
Յունիս 2021, այդ իշխանութիւնը վերահաստատեցին՝ հայաստանցիները: Քուէարկողները արցախցիները չէին, ոչ ալ Աւանդական Սփիւռքի հայերը:
Հետեւաբար, « Շուշիի եւ Հադրութի «խաղաղ դեօկուպացիա»ի եւ Արցախում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովում»ի վերաբերող Փաշինյանին խոստումները, լաւագոյն պարագային՝ շատ փոքր նշանակութիւն մը ունէին, ընդհանուր քուէարկողներուն համար:
Հայաստանցիները զանգուածային մեծամասնութիւնը մտահոգ էր միմիայն Հայաստանով – աւելի ճիշդ՝ իւրաքանչիւր հայաստանցի մտածում էր միայն իր բնակած շրջանային տարածքին մասին – : Եւ ըստ այնմ, վերընտրեցին այս վարչակարգը: Խաղաղութեան յոյսով:
Ի դէպ, Արցախի վերաբերեալ վերոյիշեալ խոստումները, սուտեր չէին: Պարզապէս, հայերը չուզեցին հասկնալ թէ ինչ էին այդ բառերը նշանակում: Մինչ շատ հեշտ էր հասկնալը որ իր մուրճը ազգասէր հայերի գլխուն վերեւ բարձրացնելով, Փաշինյանը խօսում էր՝ Ադրբեջանի իշխանութեան ներքոյ, Ադրբեջանի քաղաքացի հայերով – եւ թուրքերով – բնակուած, յատուկ կարգավիճակով ԼՂԻՄի մը մասին: (Նշեալ «դեօկուպացիա»ն՝ ազերի զինուորների քաշուիլն էր այդտեղից. որպէսզի նրանց տեղը առնեն՝ ազերի ոստիկաններն ու այլ կառավարիչները) :
Իսկ կան նաեւ որոշ քուէարկողներ – եւ ձեռնպահներ – , որոնք շատ լաւ էլ հասկացան որ ինք՝ այդ էր ասում: Եւ լրիւ համաձայն էին որ այդպէս լինի:
Անդրկովկասից սկսելով՝ Հայութիւնը բզկտեցին, ամէն կողմ աշխարհի մէջ: Եւ 2020էն ի վեր, Հայաստանի հողային տարածքն է որ բզիկ-բզիկ են անում: Մի փոքր բան կը թողնեն անշուշտ…
Այսպիսի իրադարձութիւններ, Հայոց Պատմութեան գիրքերու մէջ կը կարդայի: Երբեք չէի կրնար երեւակայել որ կրնային դարձեալ պատահիլ, եւ որ ես իմ կեանքիս ընթացքին իսկ պիտի տեսնէի այսպիսի բան:
Մ. Հայդուկ Շամլեան