Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, օրինակ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որն էլ ՀՀ-ն իր ձեռքով փակում է. Մարուքյան

Հունիս 10,2024 23:13

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիեւի հերթական մի քանի պահանջներին:

«Ալիեւը հայտարարել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ դիմի ԵԱՀԿ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը լուծարվի, ՀՀ-ն ճանաչի Խոջալուի ցեղասպանությունն ու ներողություն խնդրի, ՀՀ-ն պետք է փոխի  Սահմանադրությունը, այլապես խաղաղության պայմանագիր իրենք չեն կարող կնքել»,- ուղիղ եթերով այս հարցերին անդրադարձավ Մարուքյանը: Նա նկատեց, որ Մինսկի խմբի համանախագահների լուծարման վերաբերյալ Ալիեւի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ից արձագանք չեղավ:

«Ի պատասխան Ալիեւի՝ ուզում եմ ասել, որ համանախագահների ինստիտուտը չի ստեղծվել ՀՀ կամ Ադրբեջանի պահանջով, կամ մեր համատեղ դիմումով: Այլ ստեղծվել է այն պատճառով, որ կար ԼՂ հակամարտության կոնֆլիկտ, ինչի համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է այդ ինստիտուտը: Ինչու է Ալիեւն անդադար ուզում ԼՂ հակամարտության բոլոր հետքերը վերացնել, որովհետեւ ինքը հասկանում է, որ ցեղասպան է: Որ էթնիկ զտման է ենթարկել մի ամբողջ ժողովրդի ու հասկանում է, որ նրանց վերադարձի իրավունքն ուժի մեջ է, միջազգային իրավունքը նրանց կողմից է, այլ բան է որ ՀՀ-ն այդ թեման փակել է»,- ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ Ալիեւի պահանջները՝ Խոջալուի ցեղասպանության ճանաչման, ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ինստիտուտը փակելու վերաբերյալ միտված է մի կետի. «Ուզում է միջազգային իրավունքի բոլոր հիմքերը ԼՂ ժողովրդի իրավունքների, ԼՂ հակամարտության հետ կապված վերացնել: Դա ուլտիմատումով է անում, օրինակ՝ եթե դա չանեք, տարածքային պահանջներ ունեք: Հայաստանը գոռում է, բոլոր հարթակներում ասում է՝ ԼՂ-ն ճանաչում եմ Ադրբեջանի կազմում:

Պրահայում ասվեց, որից հետո Լաչինի միջանցքը փակվեց, ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկվեց: ՀՀ-ն դրա դիմաց ոչինչ չստացավ: Ադրբեջանն այդպես էլ ՀՀ տարածքը չի ճանաչում, հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագրին հղում անել խաղաղության պայմանագրի տեքստում, ինչի մասին իմացանք վերջին հանդիպումից հետո Ղազախստանում: Այսինքն՝ բոլոր իր պարտավորությունները, որ իբր թե ստանձնել է արեւմտյան հարթակներում, Ադրբեջանը չի պահպանում: ՀՀ-ն ուղղակի զրկվել է բոլոր հնարավոր ճնշման գործիքներից: Ադրբեջանի վրա ճնշման մի քանի գործիք է մնացել, օրինակ՝ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը, որն էլ ՀՀ-ն իր ձեռքով փակում է: Որն էլ չի փակում, Ադրբեջանն ասում է՝ արի ես ու դու դիմենք միջազգային հանրությանը, ասենք՝ փակեք, որովհետեւ փակում ենք միասին» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930