«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած հայտնի «Արթուր եղբայրների»՝ 72 ժամով ձերբակալումը նրանց պաշտպան Արսեն Բաբայանի համար զարմանալի չէր այնքանով, որ վերջին շրջանում միայն շարժմանը միանալու համար էլ են քաղաքացիները ձերբակալվում:
Եղբայրները ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Հունիսի 3-ին Բագրատ սրբազանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։
Կարդացեք նաև
«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- այսպես եղբայրներին ներկայացրեց Բագրատ սրբազանը։ Ինչից հետո լրատվամիջոցները ներկայացրին իրենց բացահայտումները այս եղբայրների մութ անցյալի մասին: Արթուր եղբայրները հայտնի են Քենիայում, Մալդիվներում:
«Միակ պատճառն այն է, որ միացել էին սրբազան շարժմանը»,-Aravot.am-ին ասաց Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով եղբայրների ձերբակալությանը: Թե ինչ հիմքեր են ունեցել իրավապահները եղբայրներին զենք կրելու կասկածի համար, փաստաբանն ասաց, որ այս պահին տեղեկություն չունեն: Եղբայրները ձերբակալվել են իրենց տան մոտից:
Կան տեղեկություններ, որ Արթուր եղբայրներն են ֆինանսավորում «Սրբազան շարժումը», այս մասին էլ փաստաբանն ասաց, որ տեղեկություն չունի. «Չգիտեմ՝ ֆինանսավորողն են, թե ինչ, բայց ով որ երեւում է սրբազանի շրջակայքում, անպայման ինչ-որ բան անում են՝ ձերբակալում են, առեւանգում են, կալանավորում են… նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»:
Պարոն Բաբայանը չկարողացավ մեկնաբանել եղբայրների անցյալի վերաբերյալ գործողությունները՝ ասելով, որ նրանց անցյալի մասին տեղեկություն չունի:
Նա քիչ հավանական չհամարեց, որ եղբայրների ձերբակալման նպատակը հենց նրանց կալանավորելն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ