Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ հոգի է գոհ ՔՊ-ից, եթե ժողովրդի մեծ մասը հրապարակներում ու փողոցներում է»․ Մհեր Մելքոնյան

Հունիս 10,2024 20:03

Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունն՝ արտահերթ նիստ գումարելու, համաձայն որի՝ օրակարգում պիտի ընդգրկեին կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը, արտահերթ նիստ, ըստ օրենքի, կգումարվի ամսի 17-ին։

«Իշխանությունը հանդես է գալիս նույն խոսույթով, որ կա ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, և մինչև 2026 թվականի հերթական ընտրություններն իրենք պիտի պաշտոնավարեն։ Այս մարդիկ ոստիկանական փշալարերից այն կողմ ոչինչ չեն տեսնում, չեն պատկերացնում Հայաստանում տիրող իրական կյանքը, չեն ուզում հասկանալ, որ ժողովրդի դժգոհությունը շատ մեծ է, իրավիճակը լուրջ է փոխվել Հայաստանում, և իրենք ուզեն, թե չուզեն հաշվի են նստելու ժողովրդի հետ։

Ոստիկանների հետևում թաքնվելով են ապրում, եթե խնդիր չկա երկրում, եթե իրենց ասածի պես ժողովրդի վստահությունն են վայելում, ապա ինչո՞ւ մի անգամ չեն իջնում ու այդ նույն ժողովրդի հետ չեն խոսում, միայն ապօրինի ձերբակալություններ, կալանավորումներ․․․

Կեղծ լուսանկարներ ու տեսանյութեր են տարածում, թե իբրև շարժմանը միացած մարդկանց թիվը շատ քիչ է, հասկանալի է, որ դա ՔՊ-ի կեղծ քարոզչամեքենան է։ Մենք ականատես ենք, գիտենք՝ ինչքան մարդ է հավաքվում ու տեսնելով ցույցերի մասնակիցների թիվը՝ հարց ենք տալիս, քանի՞ հոգի է գոհ ՔՊ-ից, եթե ժողովրդի մեծ մասը հրապարակներում ու փողոցներում է։

Իշխանությունը իրավիճակից կտրված է, չի պատկերացնում՝ ինչ է կատարվում Հայաստանում, վարդագույն ակնոցներով նայելն այս ամենին, անբարոյականություն է»,-ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ վճռական փուլ է Հայաստանի Հանրապետության համար։

«Ադրբեջանը օր օրի նոր պահանջներ է ներկայացնում՝ կփոխեք Սահմանադրությունը, նոր կնքվի խաղաղության պայմանագիրը, եթե դիմացը ուժ չտեսավ, կթելադրի իր կամքը, բայց եթե մի անգամ քիթ ու բերանին հարված ստացավ, կսկսի մտածել՝ արժե՞, թե՞ չարժե նոր պահանջներ թելադրել ու սպառնալիքի լեզվով խոսել։ Մեր երկրի համար վճռական փուլ է, ապագա սերունդներին հնարավոր է փոքր հայրենիք թողնենք կամ ընդհանրապես հայրենիք չթողնենք, հայրենիքի փրկությունը կախված է մեր վճռականությունից, միասնականությունից, համախմբված գործողություններից։

Կեղծ օրակարգ են մշակել, հայրենիքի փրկությունը նույնացնելով նախկինների վերադարձի հետ, դա արդեն ծեծված, չլսվող թեզ է։ Նախկինների օրոք, գոնե շատ լուրջ անվտանգային խնդիրներ չունեինք։ Այսօր ժողովրդին հուզողը սոցիալական խնդիրները չեն, այլ անվտանգային և տարածքային ամբողջականության խնդիրները», -ասաց Մհեր Մելքոնյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930