Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եկեք մի հատ էլ քրեական գործ շալակեմ՝ պայքարել մինչեւ արյան վերջին կաթիլը». Հայկ Մամիջանյան

Հունիս 10,2024 18:45

ԱԺ խորհրդի նիստը մերժեց ընդդիմադիրների առաջարկը՝ կառավարության հրաժարականի պահանջով ուղերձի նախագիծը ներառել ԱԺ օրակարգի մեջ:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց. «Որեւէ տրամաբանական բացատրություն չներկայացվեց, իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է: Գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, մարդիկ են դառնում քաղբանտարկյալ ու դա իրենց նորմալն է: Միայն մի լուծում կա՝ իրենք պիտի լսեն ու կլսե՛ն, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ չի ու հաշվի կնստեն ժողովրդի պահանջի հետ»:

Թե ինչու պատգամավորների ստորագրություններին չի միացել Իշխան Զաքարյանը, Մամիջանյանն ասաց, որ նրան չեն էլ դիմել, դրա կարիքը չի եղել, անհրաժեշտ է եղել 27 ստորագրություն:

«Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ ասաց, որ երկու պատգամավոր չի միացել, որովհետեւ հուղարկավորության են մասնակցել մարզում, չեն կարողացել գալ: Կասկածներ կային, որ մյուս չմիացող պատգամավորը Գեղամ Նազարյանն է: Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ նրա ստորագրությունը կա ու նա խմբակցության որոշումներին չի ընդդիմանում, միասնական է:

Թե ինչ իրավական ուժ ունի ուղերձը, եթե նույնիսկ այն ընդունվի, որովհետեւ դա անվստահություն հայտնելու գործընթաց չի՝ Մամիջանյանը պատասխանեց. «Բոլոր գործիքները օգտագործվելու են, ես ձեզ խոստանում եմ, որ որեւէ գործիք չփորձած չի մնալու: Ինչ վերաբերում է՝ այս գործընթացը կբերի՞ հրաժարականին՝ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, խորհրդարանը ուղերձ է հղում կառավարությանը: Իրավական տեսանկյունից կարող է հրաժարական չտալ, բայց առանց քաղաքական հենարանի, առանց պառլամենտում մեծամասնության, կառավարությունը աշխատել չի կարողանալու: Օրենքով թույլատրված գործիք չի մնալու, որը մենք չփորձենք: Հիմա իրենց ձեռքում է, թե Հայաստանը էլ ինչքան արնաքամ կլինի»:

Հարցին՝ եթե խորհրդարանում բոլոր նախաձեռնությունները տապալվեն, ունե՞ք պլան B, Մամիջանյանն ասաց. «Եկեք մի հատ էլ քրեական գործ շալակեմ՝ պայքարել մինչեւ արյան վերջին կաթիլը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930