Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, ասել էր, թե ցույցերի ժամանակ Արցախի դրոշներ չի նկատել:
«Գնացե՛ք, նկարները նայե՛ք՝ էս բոլոր միտինգների ժամանակ Արցախի քանի՞ դրոշ կա, կա՞, թե՞ չէ: Խոսքը այն պուճուրների մասին չէ, որ մարդիկ ուզած-չուզած բերում են, կամ վրաներն են գցում»-հայտարարել էր նա։
Հրապարակագիր Արա Նախշքարյանը, որը մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գրեթե բոլոր հանրահավաքներին, ի պատասխան Ազգային Ժողովի նախագահի՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Եթե Ալեն Սիմոնյանը չի ուզում նկատել Արցախի դրոշները, դա չի նշանակում, թե չկան։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը նախ թող ասի, թե ի՞նչ անվանում ունի այս շարժումը։ Այս շարժումը Հայաստանի փրկության համար է, Արցախն իրենք արդեն կերան, մենք հիմա ոտքի ենք ելել Հայաստանի փրկության համար, եթե Հայաստանը փրկենք, գուցե կարողանանք մտածել արդեն Արցախի մասին։
Ամեն ինչ արեցին այս շարժումը վարկաբեկելու համար, բայց քանի որ չկարողացան Բագրատ Սրբազանին վարկաբեկել, ընկել են նման ճղճիմությունների հետևից։
Իրենք էլ լավ հասկանում են, որ նման ձևով երկիր չի կառավարվի, այս ամենը լավ տեղ չի տանում, հասկանում են ու վախենում ժողովրդական ցասումից։ Եթե չեն վախենում, կասե՞ն ինչի համար են փշալարերը, ոստիկանների կողմից պետական շենքերի պահպանությունը հասկանալի է, բայց փշալարերի հայտնվելը․․․
Սա իրենց անհանգստության, վախերի մասին է խոսում», -ասաց հրապարակագիրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ