«Ականատես եղանք քաղաքական ղեկավարություն կոչվող խմբակի հերթական ապօրինի պահվածքին»,- խորհրդարանի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մանրամասնելով ԱԺ խորհրդի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ընդդիմադիր խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջի մերժումը:
ՔՊ-ն ներկայացնող ԱԺ խորհրդի 12 անդամները դեմ են քվեարկել:
Այդ նիստը, սակայն, կայանալու է՝ օրենքի ուժով, հինգերորդ օրը: Արծվիկ Մինասյանը մարդկանց հորդորում է՝ այդ օրը ԱԺ շենքի մոտ հուժկու ներկայություն ապահովել, ինչը ճնշում կլինի ՔՊ-ական պատգամավորների վրա, որպեսզի մասնակցեն նիստին, այն չտապալվի:
Արծվիկ Մինասյանն ուժային կառույցների աշխատակիցներին էլ հորդորեց՝ ՀՀ-ին ծառայելու իրենց պարտավորությունը կատարել, կանգնել ժողովրդի կողքին եւ ապահովել ժողովրդի ցանկությունները: Խոստացավ, որ նման կեցվածքից հետո իրենց վարձատրությունները քառապատկվելու են ու այդ վարձատրությունը լինելու է արժանապատիվ: Սփյուռքին էլ աջակցության կոչով դիմեց, որպեսզի հնարավոր լինի վերականգնել հայ մարդու արժանապատվությունը:
Կարդացեք նաև
«ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն անսասան են եւ մինչեւ վերջ գնալու են»,- ասաց նա:
Հիշեցնենք, երեկ գիշերվանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շրջափակել են ԱԺ շենքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ