Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համեմատաբար սահմանափակ տարածքում՝ երկրաբանական վտանգների օրինակներ. ԳԱԱ-ում քննարկվեց հայկական առաջին գեոպարկի ստեղծման ծրագիրը

Հունիս 10,2024 17:47

Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, խորհրդի անդամները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՊՀ-ի, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Քննարկվեցին Հայաստանում գեոպարկի ստեղծման նախադրյալները։

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, շեշտելով գեոպարկի ստեղծման կարևորությունը, նշեց. «Գեոպարկը զբոսաշրջության  տեսակ է։ Այն կնպաստի տեղանքի ենթակառուցվածքի զարգացմանը և, ամենակարևորը, հանրությունը տեղեկացվելու է այդ տարածքների երկրաբանական վտանգների մասին»։

Նիստի ժամանակ զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը:

Նա նշեց, որ գեոպարկերն աշխարհագրական տարածքներ են, որոնց հիմքում առանձնահատուկ տեսարժան, երկրաբանական ժառանգությունն է, որը զուգորդվում է պատմական, հնագիտական, մշակութային բաղադրիչներով։ Աշխարհում գեոպարկերը դիտարկվում են որպես կայուն տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության խթան։

«Գեոպարկերում կարևորություն ունեցող բացառիկ երկրաբանական օբյեկտները և լանդշաֆտները կառավարվում են հետազոտական, պահպանման, կրթական և կայուն զարգացման ամբողջական հայեցակարգով՝ ընդգրկելով տեղական համայնքների ուժերն ու հնարավորությունները», – ասաց Արա Ավագյանը:

Վերլուծելով հարուստ երկրաբանական ժառանգությունը, ինչպես նաև գեոպարկերի ստեղծման միջազգային փորձը՝ առաջարկվել է ստեղծել ոչ թե ընդհանրական երկրաբանական հուշարձանների գեոպարկ, այլ՝ մասնագիտացված:

Գեոպարկը կընդգրկի տարածքներ հիմնականում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից, փոքր հատվածներ կներառի նաև Կոտայքի և Արարատի մարզերից։

«ՀՀ տարածքը ենթակա է բազմաբնույթ երկրաբանական վտանգների ազդեցությանը։ Ուստի երկրաբանական վտանգներով մասնագիտացված գեոպարկի ստեղծումը կունենա նաև պաշտպանական նշանակություն», – նշեց Արա Ավագյանը:

Նորաստեղծ հայկական գեոպարկը կառանձնանա նրանով, որ համեմատաբար սահմանափակ տարածքում կունենա երկրաբանական վտանգների տարբեր ոլորտներին վերաբերող օրինակներ՝ ակտիվ տեկտոնական խզվածքներ, սողանքներ, նորագույն հրաբխականություն, հիդրոթերմալիզմ, լճային տրանսգրեսիա, զանգվածային ոչնչացման մասին վկայող շերտագրություն և այլն:

«Այս հանգամանքը հայկական առաջին գեոպարկին կտա բացառիկություն, առավել ևս, որ ընտրության արդյունքում կունենա տարածաշրջանային և մի քանի միջազգային նշանակության երկրատեղանքներ», – ասաց Արա Ավագյանը:

Խորհրդի անդամները նշեցին, որ անհրաժեշտ է առաջարկվող տարածքում հիմնել ազգային գեոպարկ և ստեղծել կառավարող մարմին, որում կընդգրկվեն գիտնականներ, պետական կառույցների և համայնքների համապատասխան մասնագետներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930