Վերջին շրջանում, հայ-ադրբեջանական սահմանազատման կոնտեքստում, շատ է խոսվում Ալմա-Աթայի հռչակագրի մասին: «Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք փորձեցինք այդ հռչակագրին նայել այլ տեսանկյունից և գնահատել դրա դերը Հայաստանի անկախացման գործընթացում:
Նախորդ դարի 80-ականների վերջ-90 ականների սկզբին, ինչպես հայտնի է, Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, ընթանում էր ՀՀ անկախացման գործընթացը։
Հռչակագրից՝ հանրաքվե
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման հաստատման գործընթացին։
Կարդացեք նաև
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը․․․»,- ասվում էր հռչակագրում։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի՝ երկրի տարածքում «ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշման հիման վրա, անցկացվում է հանրաքվե․ ընտրական իրավունք ունեցողների 94․39 %-ը քվեարկում է անկախության հռչակման օգտին։
Սակայն ոչ Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակմանը և ոչ, անգամ, անկախության հանրաքվեին չհաջորդեց Հայաստանի միջազգային ճանաչումը: Անցնում էին ամիսներ, բայց մոլորակի որևէ պետություն չէր ճանաչում ՀՀ անկախությունը:
Անկախության միջազգային ճանաչում՝ Ալմա–Աթայի հռչակագրից հետո
Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում կայանում է ԽՍՀՄ արդեն նախկին հանրապետությունների նախագահների հանդիպումը, որի արդյունքում կնքվում է Ալմա-Աթայի համաձայնագիրը. դրանով վերահաստատվում է Բելովեժյան համաձայնագիրը, որով ԽՍՀՄ-ը դադարում էր գոյություն ունենալուց։ Հռչակագրով ստեղծվում է Անկախ պետությունների համագործակցության ձևաչափն ու հայտարարվում են դրա սկզբունքները։
Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ էության, սկսվեց Հայաստանի անկախության միջազգային ճանաչման գործընթացը․ ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն, հռչակագրի համաձայն, ճանաչում էին հռչակագրին միացած նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և մյուսները։
Արդեն մի քանի օր անց՝ դեկտեմբերի 25-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը․ Ջորջ Բուշ ավագն իր սուրբծննդյան ուղերձում հայտարարեց, որ ճանաչում է Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի անկախությունը և որ շուտով դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն այդ երկրների հետ։
Նույն օրը ՀՀ անկախությունը ճանաչել է Կանադան, դեկտեմբերի 27-ին՝ Չինաստանը, դեկտեմբերի 31-ին՝ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իրանը, Հունաստանը և Թուրքիան, 1992 թվականի հունվարի 6-ին՝ Ավստրալիան, հունվարի 13-ին՝ Ճապոնիան և այլն։
Այսպիսով, Հայաստանի անկախության միջազգային ճանաչումը սկսվել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրից հետո։ Այլ կերպ ասած, Հայաստանի անկախությունը վերջնականապես հաստատվել է հենց այս հռչակագրով, և միջազգային հանրության համար Հայաստանն անկախացել է հենց դրանով:
Փաստաթղթում ԽՄ գոյության դադարումն ու անդամ հանրապետությունների անկախացումն ամրագրող դրույթներն են Հռչակագրի նկատմամբ Ռուսաստանի ու ռուսամետ շրջանակների ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառը․ հատկանշական է, որ հռչակագրում ամրագրված հենց այս իրողություններն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտնի ելույթներից մեկում անվանել «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետ»:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ