«Տղամարդկություն էլ չունեն, որ այդ հարցը քննարկեն, լսելի դարձնեն։ Ոչ թե քննարկում են, այլ ուղղակի չեն գնում նիստին»,-այսօր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով ԱԺ-ում կառավարության հրաժարականի հարցով արտահերթ նիստ հրավիրելու դիմումին։
Նշենք, որ կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի, ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը։
Սրբազանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորների՝ խորհրդի նիստից մանրամասներ հայտնելուց հետո կորոշեն շարժման հետագա քայլերը։
Ապա Բագրատ սրբազանն անդրադարձավ վերջին իրադարձություններին ու հայտարարություններին։
Կարդացեք նաև
Ասաց, որ իր մասին իշխանական թեւից ինչ ասես՝ ասում են․ «Ինչ տեսակ վերագրումներ ուզում են թող անեն, էլ ասում են՝ մարդկանց դիտմամբ բախման եմ տանելու։ Բախում հրահրողն էլ եք դուք, մարդկանց անօրեն ճանապարհով գործողն էլ եք դուք, մարդկանց խաբած քվեով աթոռին հայտնվածն էլ եք դուք։ Նկարներ կան ԱԺ գառաժից, որ պետհամարանիշները փոխել դարձրել են սեփական։ Դրա հավաստիությունը կստուգենք, բայց նկարները ԱԺ-ից են գալիս։ Ի՞նչ գործ ունեն սեփական համարներով պետական մեքենաները, չգիտեմ։ Դա խոսում է այն մասին, որ ամեն կերպ փորձում են խուսանավել, ու փորձել աչքի չընկնել»։
Սրբազանն ասաց՝ այլեւս չենք խոսելու սահմանազատում, սահմանագծում տերմիններով, հայրենիք հանձնել է այս ամբողջ պատմությունը․ «Եթե մենք սա չկանխենք, շարունակաբար է դառնալու։ Վերին Ոսկեպար են հասնելու, Ազատամուտ են հասնելու, իջնելու են Սյունիք, Տիգրանաշենի մասին երեկ տարբեր բաներ էին տարածվում։ Ամեն ինչ հանձնելու են՝ իրենց աթոռը պահելու համար։ Մենք պետք է կասեցնենք, դրա ճանապարհը մեկն է՝ այդ մարդու հեռացումը։ Մեր պահանջն անփոփոխելի է»։
Ապա նա դիմեց ոստիկաններին՝ տղերք, հանգստացեք, բան չկա, գնացեք հանգստացեք, դրանց մի լսեք, գիշերը շատ եք չարչարվել, հիմա բան չկա, երբ լինի, ես կասեմ։
«Երեկ մեզ մեղադրում էին, ասում՝ քանի որ դուք ԱԳՆ-ի մոտ անկանխատեսելի, չգիտեմ․․․ ենթադրելի վարք եք դրսեւորել, դրա համար փակել ենք․․․։ Մոռացել են ասել, թե ինչ խուլիգանական խմբեր են, որ մարդ են ջարդում, պատասխանատվություն չեն կրում։ Ուղղակի խուլիգանական խմբերով․․․ կամ տարանջատվեք, կամ ասեք, որ դա դուք եք արել, կամ էլ այդ խմբերը ներգրավված են ոստիկանական շարքերի մեջ»,-ասաց սրբազանը։
Ոստիկանների վարքագծի մասին սրբազանն ասաց՝ այդ մի փոքրիկ կամերաների առջեւ հերոսացող թույլիկ հրամանատարական կազմը, որը սնվում է ստախոսի հրահանգներից, ինչպիսին ղեկավարն է, այնպիսն էլ իրենք են․ «Իրենց աչքերի առջեւ Կիրանցը, Ոսկեպարը կտրտվել է, ոչ միայն իրենց աչքի առջեւ այլեւ իրենց ուժով ու ներկայությամբ՝ սեփական ժողովրդին ծեծելով հողերը հանձնել են թշնամուն։ Իրենց հայացքների առջեւ է եղել Արցախի հանձնումը, բա ո՞ւր էին ուժով զորավոր տղերքը, ձեր հայացքի առջեւ է եղել։ Կանգնած սառը դիտել եք, թե ինչպես է հայրենիքը հանձնվում։ Հիմա գալ մեր առջեւ աքլորանան ուսադիրներով։ Հարկատուների փողերով եք սնվել, մեծացրել եք մարմիններդ, բայց որեւէ բանով առաջընթաց չեք ունեցել կյանքի մեջ։ Ուշադի՛ր լսեք, որովհետեւ դա գիշերն ասելու եք, պատասխանը ինձանից ստացեք։ Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում ինչ որ ասում եմ։ Սրանց թվում է․․․իշխանության ներկայացուցչներն ասում են՝ ես ցանկանում եմ զոհել մարդկանց, բախումներ հրահրել, որպեսզի ինձ կալանավորեն, տանեն, ու որպեսզի այս իրավիճակից դուրս գան։ Երանի ձեր կալանավորված վիճակները տեսած լինեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ