Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մարգարյանի «Ճակատագրի Գեղարդը» վեպը թարգմանվել է ֆրանսերեն

Հունիս 10,2024 17:07

Հայազգի փաստաբան, ՌԴ «Աշխատանքի և սոցիալական հարցերով» Ակադեմիայի պրոֆեսոր Ռուբեն Մարգարյանի «Ճակատագրի Գեղարդը” վեպը, որը հայերեն է թարգմանվել ու լույս ընծայվել Հայ Առաքելական Եկեղեցու բարձր հովանու ներքո, արդեն հասանելի է նաև ֆրանսալեզու ընթերցողին՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի գրախանութներում։

Վեպի գլխավոր հերոսը՝ փաստաբան Արտյոմ Կախովսկին Գերմանիայից Հայաստան է ժամանում Հայ Առաքելական Եկեղեցու հրավերով։ Էջմիածնում նրան դիմավորում է վանահայր Մուշեղը և տեղեկացնում, որ անհրաժեշտ է բանիմաց մասնագետի օգնություն՝ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը հանցագործ աշխարհի խաչագողների չարամիտ դավերից փրկելու հարցում։

«Ճակատագրի Գեղարդը» վեպը հեղինակը մտահղացել է դետեկտիվ ժանրում, բայց չնայած այդ փաստին՝ ենթատեքստում այն առաջ է քաշում առավել խորը և հրատապ հարցեր՝ ժամանակակից իրականությունից և պատմական ժամանակահատվածից բխող։ Դրանք Հավատի, Քրիստոնեական մշակութաբանական ինքնության պահպանման և գաղափարական արժեքների մուտացիայի հարցերն են՝ ծառացած ոչ միայն Հայկական աշխարհի, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհի առջև։

«Ցավոք, ոչ վաղ անցյալում բոլոր ճակատներով սկսված հարձակումը կրոնական արժեքների վրա, ինչպիսիք են ՝ ընտանիքը, սերը, հանդուրժողականությունը, ամուսնության ինստիտուտը, համեստությունն ու ժուժկալությունը, որոնք ուղեկցվում են սպառողականությունը խրախուսող ագրեսիվ գովազդի օգնությամբ, չեն կարող անհանգստություն չառաջացնել», – իրավացիորեն նկատում է վեպի հերոսներից Մուշեղ Սրբազանը և անմիջապես ընթերցողին հուշում փրկության հույսի փարոսը՝ հայ վանականին հատուկ իմաստնությամբ նկատելով, որ «…այնպիսի երկրներում, որտեղ մինչ օրս ուժեղ է կրոնական բաղադրիչը, հավատը միավորում է մարդկանց և թույլ չի տալիս նրանց վերածվել սպառողական հոտի»:

Իմ կարծիքով, այս միտքը չափազանց բազմանշանակ է մերօրյա իրականության պայմաններում, որովհետև համոզված եմ, որ սպառողի հոգեբանությամբ ապրող հոտը չի կարող սիրել, արարել և ամենակարևորը՝ գիտակցել Հայրենիքի արժեքը, իսկ առանց այդ գիտակցման անհնար է պահպանել Հայրենիքի ամբողջականությունը:

Հայկական աշխարհի համար այս հարցի արդիականությունը, իմ կարծիքով, այսօր հասել է ծայրահեղ կետի, քանի որ հայ ժողովուրդն այս պահին ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը և կարիք ունի ուժի, որը կկարողանա համախմբվել Հայկական աշխարհը և վերաիմաստավորել հայ ժողովրդի անցած ճանապարհը՝ հենվելով համազգային արժեք հանդիսացող գաղափարական հենքերի վրա: Նման հենքերից մեկն էլ Հայ Եկեղեցին։ Նման համախմբող ուժ կարող է լինել Հայոց Եկեղեցին։

Վեպում հեղինակը հիշատակում է Լոուրենս Արաբացու հարցազրույցը հայերի մասին, որը մեջբերելով՝ պատմվածքի հերոս կամ ավելի ճիշտ հակահերոս ավազակ Գարիկը հավատացնում է, որ հայերը ապագայի համաշխարհային էթնոմշակութային քաղաքակրթության մեջ միանշանակ ստրկատերեր չեն դառնա, բայց նաև չեն էլ պատրաստվում ծառայել այլ ազգերին՝ որպես ստրուկներ:

Ռուբեն Մարգարյանը իր վեպի դետեկտիվ ժանրի շրջանակներում մատչելի և վարպետորեն կարողացել է ներկայացնել Հայոց պատմության առանցքային հատվածները, հայ գիր գրականությանն ու մշակույթին և Հայ Եկեղեցու պատմությանը առնչվող կարևորագույն դրվագներ։ Իսկ կրոնական տուրիզմի սիրահարների համար «Ճակատագրի Գեղարդը» վեպը կարող է ծառայել որպես յուրահատուկ ճանապարհացույց, քանզի վեպի գլխավոր հերոսը Հայաստանյան իր ճանապարհորդության ընթացքում՝ բաց չի թողնում ոչ մի առանցքային եկեղեցական համալիր Հայոց աշխարհում։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930