«Տեսել եմ էդ արցախահայության պատգամավորներին, որոնք էնտեղ են (ցույցերին են մասնակցում-Գ.Հ.), իսկ արցախահայությանը գլոբալ առումով էնքան ենք օգնել, թե Արցախում իրենց կողմից իրականացված, էդ որ հանձնեցին Արցախը, թե հետո, երբ երկու օրվա մեջ հարյուր հազարից ավել արցախցի եկավ Հայաստան… Մենք էնքան բան ենք անում արցախահայության համար… Իհարկե, իրենք կարող են մեզ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել, բայց իրենց օրակարգը չի փոխվել, բացի նրանից, որ առաջին դերակատարներին անընդհատ փոխում են, օրինակ` Ռոբերտ Քոչարյանին են հանում, որ չերեւա, Սերժ Սարգսյանին են հանում, որ չերեւա…Ղարաբաղի, Արցախի դրոշները բերել էստեղ են դրել, իրենց միտինգների ժամանակ մի հատ Արցախի դրոշ չեն պահում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Իրենց իշխանությո՛ւնն է Արցախի հարցը փակել, ուրախությամբ նշում էին, թե Արայիկ Հարությունյանը հեռացել է, նույնը մաղթում էին Հայաստանի Հանրապետությանը, եւ երեք օրվա ընթացքում ամեն ինչ արեցին, որ Արցախի Հանրապետությունը գոյություն չունենա»,-հավելեց ԱԺ նախագահը:
Նա նաեւ ասաց, որ ԱԺ խորհուրդը կմերժի եւ հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ պահանջով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը, եւ ինքը դրա իմաստն էլ չի տեսնում:
«Բոլոր երկրներում, բոլոր կառավարությունների ժամանակ լինում են ինչ-որ բաներ, որ մի քիչ այսպես է լինում, մի քիչ՝ այնպես, ինչ-որ բաներ տեղի են ունենում, ինչ-որ բաներ տեղի չեն ունենում, առավել եւս մեր՝ արագ զարգացող աշխարհում, երբ երրորդ համաշխարհային պատերազմ է … Ընտրությունները 2026 թվականին են: Էդ մարդիկ (ընդդիմադիրները-Գ.Հ.) նույնիսկ իրենց սխալների վրա չեն սովորել, ասում են՝ իշխանությունը, որ ժողովրդից ստացել եք 2021թ, հիմա տվեք Բագրատ Գալստանյանին… Ինչի՞ պիտի հրաժարական լինի, մենք ժողովրդի սատարումն ունեցող վարչապետ ունենք, ով 10, 20 հազար մարդ հավաքի փողոցում, պիտի գա նոր վարչապետի թեկնածո՞ւ առաջարկի, լո՞ւրջ եք ասում…2 խմբակցությունը միասին 300 հազար ձայն են հավաքել փողոցում…»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Լրագրողի հարցին՝ իսկ որքա՞ն մարդ պետք է լինի փողոցում, որ կառավարությունը հրաժարական ներկայացնի, նա այսպես արձագանքեց. «Ես մարդկանց հաշվարկով չեմ զբաղվում, ասում եմ հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետությունում նման պահանջ չկա, երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխեն, գնում են տեղական ընտրություններով են փոխում, համապետական ընտրություններով են փոխում…»:
Հարցին՝ ի վերջո չեն կարող աչք փակել, որ ոչինչ չի կատարվում, ինչ-որ լուծում, ելք մտածե՞լ է իշխանությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սկզբից լիովին կիսում էի ձեր կարծիքը, բայց հիմա շատ բացասական եմ տրամադրված: Ես էլի հարգանքով եմ մոտենում բոլոր այն մարդկանց, որոնք գալիս եւ ինչ-որ բանից դժգոհում են: Բայց երբ արդեն ակնհայտ է դարձել, որ դերակատարները կատարյալ նույնն են՝ անուն առ անուն, իշխանության կռիվ, աթոռակռիվ, հին ունեցվածքը վերականգնելու փորձ եմ դիտարկում եւ կատեգորիկ եմ դրան վերաբերվում…Ընտրություն կլինի, եթե մարդիկ որոշեն, որ ՔՊ-ն չի կատարել այս ու այս բաները, կգնան, կքվեարկեն այն ուժի օգտին, որն իրենց բան կառաջարկի…Իսկ ընդդիմությունն իր հայտարարած օրակարգի մի տոկոսը կատարե՞լ է….»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային