Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ «Եթե ԱԺ խորհուրդը չուզենա հարցը ներառել օրակարգում կամ դեմ քվեարկի, ապա հունիսի 17-ին, ժամը 18:30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ»

Հունիս 10,2024 15:14

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ներկայացրեց կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ գումարելու ընթացակարգը։

Մինասյանն ասաց, որ երեք ժամ առաջ պաշտոնապես մուտքագրել են 33 պատգամավորների ստորագրություններով առաջարկը։ Պատգամավորի ներկայացմամբ՝ գործող օրենքի համաձայն՝ եթե արտահերթ նիստը պետք է գումարվի մինչեւ հինգ աշխատանքային օր առաջ, դրա համար անհրաժեշտ է ԱԺ խորհրդի դրական դիրքորոշումը։

«Մեր գրության մեջ նշել ենք, որպեսզի օրենքի դրույթը պահպանվի եւ անկախ խորհրդի ցանկությունից, այս նիստը գումարվի՝ հինգ օրը հաշվարկվելով հանդերձ, եթե խորհուրդը չուզենա որեւէ պատճառով ներառել օրակարգում կամ դեմ քվեարկի, ապա 5-րդ աշխատանքային օրը, հունիսի 17-ին, ժամը 18:30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։ Այնուամենայնիվ, գրության մեջ արձանագրվել է, որ ԱԺ երկու խմբակցությունները նաեւ միջնորդություն են ներկայացրել, որ այսօր ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ներառվի հարցը եւ որոշում կայացվի վաղը 18:30-ին արտահերթ նիստ գումարելու մասին»,-ասաց Մինասյանը։

Նրա ներկայացմամբ՝ գրության մեջ հստակ արձանագրվել է, որ եթե վաղը խորհուրդը նիստ չանի, մինչեւ ամսի 17-ը ցանկացած օր կարող է․ «Հակառակ դեպքում օրենքի ուժով ամսի 17-ին նիստ պետք է գումարվի»։

Մինասյանն ասաց, որ քաղաքական մեծամասնության՝ ՔՊ-ի նախկինում ցուցաբերած վարքագծով պարզ է, որ որպես կանոն, այդ նիստերն էլ են տապալում․ «Գլխավոր հարցն այն է, որ ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի՝ 27 պատգամավորի ստորագրությամբ անպայման արտահերթ նիստի օրակարգը պետք ներառվի։ Այս պահին ունենք 33 ստորագրություն, կարող ենք համարել 35, քանի որ երկուսը տեխնիկական պատճառով չեն կարողացել ստորագրել։

Երկու խմբակցություններն իրենց միջնորդություններն ամրագրել են, որի հիմքով խորհրդին 16:00-ին կներկայացնեն միջնորդությունը։ Ինչպիսի վարքագիծ կցուցաբերի քաղաքական մեծամասնությունը, քանի որ նրանք մեծամասնություն են խորհրդի կազմում, գուցե կանխատեսելի է, բայց մեկ անգամ եւս ցույց կտա իրենց մտադրությունը»։

Մինասյանը նաեւ ներկայացրեց, թե ինչ են առաջարկում ԱԺ ուղերձով՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին այն հիմքով, որ կառավարության ծրագիրը 2021-2026 թվականին տապալված է, ՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ եւ դրա հաղթահարումը պահանջում է հրատապ լուծումներ, առաջարկվում է որպեսզի գնահատելով, որ անհրաժեշտություն կա քաղաքական համաձայնությամբ խաղաղ ու անցնցում եղանակով ձեւավորել հանրային հեղինակություն ունեցող, փորձառու անձանցից կազմված նոր կառավարություն, որն ամենասեղմ ժամկետներում կներկայացնի ստեղծված իրավիճակին համապատասխան նոր ծրագիր եւ կիրագործի երկրի դիմադրողականության մեծացմանը, պաշտպանությանն ու անվտանգության ամրապնդմանը, տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված առաջնահերթ քայլեր, ԱԺ-ն, որպես սահմանադրական ներկայացուցչական բարձրագույն մարմին, ուղերձով դիմում է կառավարությանը, որպեսզի կառավարությունը վիճակով թելադրված ներկայացնի հրաժարական․ «Երկրորդ կետով ԱԺ-ն ուղերձով դիմում է հանրությանը, որպեսզի ՀՀ-ում եւ սփյուռքում բոլոր մակարդակներում զորակցեն եւ սատարեն նոր կառավարությանն ու համախմբվեն նրա շուրջ»։

Մինասյանի կարծիքով՝ եթե քաղաքական մեծամասնությունը վախենա եւ չուզենա ներառել հարցն օրակարգում, սա ապացույց է, որ նրանց միակ նպատակն է շարունակել կառչած մնալ աթոռներին։

Մանրամասն՝ տեսանյութում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկվանից փակ է պահում Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, որտեղ նրանք վրաններ են տեղադրել եւ գիշերել են։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ երեկ հայտարարել է, որ 4 օր են տալիս, որպեսզի ԱԺ-ում գումարվի կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930