Օրերս հերթական շքեղ համերգն է տեղի ունեցել Ժնեւի «Վիկտորիա հոլում»՝ նվիրված Պուչինիի մահվան 100-ամյա տարելիցին, որը կազմակերպել է «Ավետիս» ասոցիացիան: Համերգին մասնակցում էին աշխարհահռչակ տենոր Ռամոն Վարգասը եւ շվեյցարաբնակ սոպրանո, «Ավետիս» ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Վարդուհի Խաչատրյանը: Նվագակցում էր Պեսարոյի Ռոսինի փառատոնի նվագախումբը՝ իսպանացի լեգենդար օպերային երգիչ, դաշնակահար եւ դիրիժոր Պլասիդո Դոմինգոյի ղեկավարությամբ:
Aravot.am-ի հետ զրույցում Վարդուհի Խաչատրյանը նշեց, որ համերգն ունեցել է շռնդալից հաջողություն, ի թիվս այլոց՝ ներկա են եղել ՀՀ, ԱՄՆ, Ճապոնիայի, Մեքսիկայի, Ավստրիայի եւ այլ երկրների դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը: Համերգի ծրագրում, բնականաբար, Պուչինիի ստեղծագործություններն էին: Եղել են նաեւ բիսային համարներ, որոնցից մեկի ժամանակ Պլասիդո Դոմինգոն ոչ միայն ղեկավարել է նվագախումբը, այլեւ երգել ու պարել:
Վարդուհի Խաչատրյանն անդրադառնալով «Ավետիս» ասոցիացիայի կազմակերպած հոբելյանական համերգներին, հիշեցրեց, որ օրինակ, անցյալ տարվա հունիսին Պլասիդո Դոմինգոն եւ հանրահայտ տենոր Հովհաննես Այվազյանը հանդես են եկել Մարիա Կալասի ծննդյան 100-ամյակի համերգին: Նա նաեւ ընդգծեց, որ «Ավետիսը» չէր կարող անտարբեր անցնել ոչ Պուչինիի մահվան 100-ամյա տարելիցի, ոչ էլ Կալասի ծննդյան 100-ամյա հոբելյանի կողքով, քանի որ այդ երկու մեծանուն վարպետներն իր կուռքերն են:
Կարդացեք նաև
«Սիրահարված այդ երկու երաժիշտներին՝ իմ բնածին մեցցո սոպրանո ձայնը վերափոխեցի սոպրանոյի, որպեսզի կարողանամ երգել Պուչինիի ստեղծագործությունները, քանի որ նա համարյա ոչինչ չի գրել մեցցոյի համար, եւ որպեսզի կարողանամ կատարել Կալլասի՝ իմ մանուկ հասակից լսած բոլոր կատարումները»,-նշեց երգչուհին:
Հավելեց, որ հոկտեմբերին էլ կկայանա Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլիի մասնակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ