«Պետք է հետաքննել այս հարցը․ մեզ լուրեր են հասնում, որ Դիլիջանում մանկապարտեզներում ու դպրոցներում, ովքեր մասնակցում են կամ համակրում են Սրբազան շարժմանը, նրանց կանչել են եւ սպառնացել հեռացնել աշխատանքից կամ դիմում գրել։ Մարդկանց ասել են՝ աշխատավարձ չենք վճարելու, եւ այլն»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ այս տեղեկությունները կստուգեն․ «Եթե նման դեպք կա, կհետաքննենք, կհասկանանք, թե ինչ է։ Եվ ուղղակի հանձնում ենք տեղի իրավապահների ուշադրությանը, հատկապես Դիլիջանի դատախազության՝ հասկանալու համար՝ մարդկանց ազատ կամքի վրա բռնանում են, թե՞ ոչ, ճնշում են, թե՞ ոչ։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ ճնշում են»։
Բագրատ սրբազանը կրկին դիմեց հասարակությանը․ «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ կոչ անել պատիվ, նամուս ու թասիբ ունեցող մարդկանց, տղամարդկանց հատկապես, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում ինչ ասես ասել են այս մարդուն։ Ես սպասում եմ իրենց ժամը երեք անց կես։ Պատիվ ունեցողը թող գա, շատ են սիրում ասել՝ հայի թասիբ, հիմա սպասում եմ այդ բոլոր տղամարդկանց։ Հիմա է ժամանակը, խաղալու ժամանակ չկա, ամեն ինչ մի կողմ դրեք, եթե իսկապես հայրենիք ունեք, սեր ունեք, Աստված ունեք, եւ ձեզ համար անհանդուրժելի է այս վիճակում։ Հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք»։
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին ԱԺ խորհուրդը նիստ է գումարելու՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։
Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ