«Ինչպես կանխատեսում էինք, այս գործին երկար ընթացք չէր սպասվում։ Այսօր արդեն ունենք ութ մեղադրանքներից 6-ի քայքայման և վերացման իրողություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
Նա տեղեկացրեց՝ 6-ից մեկն ընդհանրապես արդարացվել է, մնացածը կիսով չափ՝ ֆորմալ առումով, այդ որոշումներով նշված է, որ մեղքն ընդունեցին և գործուն զղջալու արդյունքում որոշվեց քրեական հետապնդումը դադարեցնել․ «Սակայն, օրինակ, ինչպես ճիշտ նկատեց Անի Գևորգյանի պաշտպանը, նրանք մեղքը չեն ընդունել։ Նրանց նկատմամբ ևս քրեական մեղադրանքը դադարեցվել է։ Ստացվում է, որ, ըստ էության, մարդիկ իրենց ցուցմունքներում ասում են, որ մեղավոր չեն, սակայն, որպեսզի վերջում կարողանան ազատվել այս պատմությունից, ասում էին, որ համաձայն էին, որ այս հիմքով կարճվի քրեական հետապնդումը մեր նկատմամբ։ Իսկ երբ ուսումնասիրում ենք տեսանյութերը, որոնք կոչվում են ցուցմունքներ, ստանում ենք հաստատում մեր առաջին կանխավարկածի, որ դրանք ոչ թե հարցաքննությունն են, այլ քարոզչական բնույթի ցանկալի տվյալների արձանագրում, նույնիսկ, երբ դրանք տարբերվում են հարցաքննված անձի բանավոր հայտնած տվյալներից։ Այսպիսի մակարդակում է իրականացվում այս քրեական հետապնդումը, որն աստիճանաբար ավարտվում է։ Ում նկատմամբ ինչպես ստացվի․ ով համաձայնում է զղջալով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կարճվում է, ով ավելի դիմացկուն է, արդարացման հիմքով է կարճվում։ Այս որոշումներն այն մասին են, որ, ըստ էության, պետությանը որևէ վնաս չի պատճառվել, չկա հնարավոր վտանգավորություն այս արարքների, հակառակ դեպքում այս հիմքով հնարավոր չէր լինի կարճել քրեական հետապնդումը»։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մյուս պաշտպան Վաչե Սիմոնյանը հիշեցրեց՝ քննչական մարմինը հաղորդում էր, որ պետությանը պատճառվել է վնաս, և այդ աղմուկի ներքո կալանավորվեցին անձինք․ «Ասենք, որ իրականում բան է փոխվել՝ վարույթն իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս։ Այն բոլոր հատկանիշները, որոնք մեղսագրվել են թե′ Քերոբյանին, թե′ Անի Իսպիրյանին, թե այլոց, մեկ անձի նկատմամբ այդ բոլոր հատկանիշները համարվել են օրինական»։
Վաչե Սիմոնյանը փաստեց՝ առաջին հանրային վնասն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին վնաս է պատճառվել, «Հարմոնիա» ընկերությունը բաց թողնված եկամուտի տեսքով կրել է վնաս, պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից․ «Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ այլևս պետությանը պատճառված վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Հանրային վնասն ամենավիթխարի մասն էր այս գործի, որն առաջին ժամանակներում ծանրացնում էր գործը և նման աղմուկով հրամցվում էր հանրությանը, և մարդիկ ուղղակի տարվում էին կալանքի։ Նմանատիպ որոշումներ կայացնելով՝ թե մեկի նկատմամբ արդարացման որոշում, թե′ Վահան Քերոբյանի դեպքում հանրային վնասը պետությանը պատճառելու մասը հանելու պարագայում գործն աղքատանում է։ Դատախազության որոշումներից կարելի է ենթադրել, որ պետք չէ Քննչական կոմիտեի առաջին հաղորդագրություններին վստահել»։
Փաստաբանն անդրադարձավ նաև վարույթն իրականացնող մարմնի մտահոգություններին ու ասաց․ «Վարույթն իրականացնող մարմնի վարքագիծը խոսում է այն մասին, որ իրականում մտահոգություն կա՝ գործը գնում է անկման, և ամեն ձևով փորձում են պահել այն շղարշը, որը ներկայացրել են առաջին իսկ հաղորդագրություններով։ Իրականում, երբ հարուցվում էր այս գործը, պարզ է, որ զեկուցումներ էին գնում, թե չարաշահումներ ենք հայտնաբերել, դրանով վարույթն իրականացնող մարմինը նաև որոշ պարտականություններ էր ստանձնել, որ իր հայտնած տեղեկությունները ճիշտ են, և գործը մինչև վերջ կտանի։ Հետագայում, երբ այդ վստահությունը կորչում է, բայց գործ է շարադրել, մարդկանց տարել են կալանքի, վերջիվերջո, մի որոշ ժամանակ էկոնոմիկայի նախարարության աշխատանքն է խաթարվել, բա ո՞վ պետք է սրա համար պատասխան տա։ Դատախազությունը կամ վարույթն իրականացնող մարմինը կարող է ասել՝ սխալվել էինք, բայց դա չեն անի։ Դրա համար ամեն կերպ գործը կտանեն դատարան՝ թեկուզ նոսրացած փաստական հանգամանքներով և վերջում կթողնեն դատարանի հայեցողությանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ