Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամներն էլ են մասնակցում ցույցերին, ասում են, որ իրենք գերի են այնտեղ»․ Գառնիկ Դանիելյան

Հունիս 10,2024 11:21

«Լինելու է ԱԺ խորհրդի նիստը, որտեղ արտահերթ նիստի հարցը դրվելու է քննարկման, եւ կարծում եմ, որ դրական եզրակացություն կլինի։ Խորհրդարանի հնաբնակները՝ մեր գործընկեր պատգամավորներն ասում են, որ դա ամբողջությամբ իրատեսական է»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա՝ արտահերթ նիստը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հերթական նստաշրջանի համար։

Նշենք, որ ընդդիմության նախաձեռնությամբ գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցը։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ այդ նախագծով վարչապետի թեկնածու է առաջադրվելու շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Այն, ինչը մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության եւ տրամաբանության մեջ է մտնում։ Մենք մեր հնարավորություններն իրավունք ունենք իրացնել, դա մեզ վերապահված է, դա մեր գործիքակազմերից մեկն է, որը պետք է օգտագործենք։ Եվ եթե իրենք փորձեն խոչընդոտել, կարծում եմ, իրենց մոտ չի ստացվի»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Նա ասաց, որ ՔՊ-ականները տեսախցիկի առաջ մի բան են ասում, ուրիշ տեղեր այլ բաներ են ասում։ «Ամեն օր մեր հանրահավաքին էլ իրենց հարազատներից, բարեկամներից, ընտանիքի անդամներից այստեղ մարդ է լինում, մոտենում է մեզ։ Պատգամավորների ընտանիքի անդամներն ու եղբայրներն էլ են մասնակցում, ասում են, որ իրենք գերի են այնտեղ, հաշտ չեն այդ իրականության հետ։ Ոչ բոլորը, բայց բավական մարդիկ կան, որոնք պահվում են կոմպրոմատների, սպառնալիքի եւ շանտաժի տակ։ Եվ նաեւ իրենք են ուզում, որ մարդիկ հավաքվեն եւ այդ ճնշման ընթացքում կարողանան նաեւ իրենց ներսի կուտակված ամեն ինչը արտահայտել»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը հավելեց, որ ամեն ինչ մեր ժողովրդին ձեռքում է․ «Եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն այլեւս իշխանություն չէ, իրենք իշխանություն չեն լինելու։ Ասում են՝ շարժումը մարում է, երեկ տեսաք՝ հրապարակը լեփ-լեցուն էր։ Այս մեկ ամսվա ընթացքում արդեն որերորդ անգամ է՝ մեր հայրենակիցները ցույց են տալիս, որ իրենք հաշտ չեն իրականության հետ։ Հրապարակը լեփ-լեցուն է, բայց շատ կարեւոր է, որ բացի լեփ-լեցուն լինելը, նաեւ մասնակցեն ակտիվ գործողություններին։ Երեկ ակտիվ գործողությունների փուլ էր, եւ մենք ստիպեցինք, որ այստեղ տեղադրվեն նաեւ վրաններ, մենք էլ մեր անելիքն արեցիք»։

 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։ 

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան փողոց, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։  Բաղրամյանից Պռոշյան փողոցը մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930