Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի հանրային ճնշումից, որեւէ այլ գործողություն չի կարող Փաշինյանին ստիպել, որ ինքը հրաժարական տա»․ Սուրեն Պետրոսյան

Հունիս 10,2024 11:07

Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն անդրադարձավ երեկ գիշեր տեղի ունեցած իրադարձություններին։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան պողոտա, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։ Բաղրամյանից Պռոշյան փողոցը մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։

Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։

Հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունն արգելեց Դեմիրճյան փողոցով երթը, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Այս գործողությունները որպես այդպիսին որեւէ արդյունք չեն կարող ունենալ։ Ընդհանրապես կապ չունի՝ թույլ են տվել մենք անցնենք այն կողմ, թե ոչ։ Այս գործողություններն իրենց նպատակին անպայման հասնելու են»։

Հարցին, թե կա՞ հանրության կողմից բավարար ճնշում, որպեսզի իմպիչմենտի գործընթացը հաջողի, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ իմպիչմենտը կսկսվի, թե չի սկսվի, որովհետեւ չեմ ուզում գնահատական տալ մի բանի, որը մեզանից կախված չէ։ Բայց ես չէի ուզենա, որ մենք դրա վրա շատ կենտրոնանանք, որովհետեւ դա իրավական տեխնիկայի ընդամենը մի գործիք է։ Ամենակարեւորը հանրային ճնշումն է, որը կա եւ պետք է շատանա։ Դրանից հետո կլինի իմպիչմենտ, անվստահություն, թե՞ մեկ այլ իրավական տեխնիկա կօգտագործվի, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Բայց ես համոզված եմ, որ այս գործողություններն անպայման հաջողության հասնելու են, որովհետեւ մենք հատել ենք անդառնալիության կետը, այլ տարբերակ ուղղակի չկա»։

Ըստ նրա՝ այս պահին պահանջն այն է, որ ԱԺ խորհուրդը ԱԺ արտահերթ նիստ գումարելու որոշում կայացնի։ Բայց ցանկացած պահի պահանջները կարող են փոխվել։ «Այսինքն՝ բուն տրամաբանությունը չի կարող փոխվել, թե ինչի համար է այս հավաքը, քաղաքացիական անհնազանդությունը, բայց ձւերը կարող են ճկուն լինել ու փոխվել»,- հավելեց Պետրոսյանը։

Այս պահին, նրա խոսքով, քաղաքացիների հավաքատեղին Բաղրամյան պողոտան է, բայց չի բացառվում, որ այլ քայլեր էլ լինեն։

Հարցին, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը պետք է 96 ժամվա ընթացքում հրաժարական ներկայացնի, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Միակ պատճառը լինելու է հասարակության ճնշումը։ Իսկ եթե ավելի օբյեկտիվ նայենք, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ոչ թե այս 96 ժամերի ընթացքում, այլ ավելի շուտ։ Այսինքն՝ օբյեկտիվ պատճառներն այնքան շատ են, որ գոնե 2020 թվականի տարեվերջին պետք է այդ հրաժարականը լիներ։ Այդքանը հաշվի առնելով, եթե հրաժարական չի տվել, որեւէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող իրեն ստիպել, որ ինքը հրաժարական տա»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930