JAMnews. Մայիսի 28-ին, հաղթահարելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահական վետոն, «Վրացական երազանքը» վերջնական հաստատեց օրենքը, որը դարձել էր հազարավոր մարդկանց երկամսյա բողոքի ակցիաների, ԱՄՆ պատժամիջոցների և Եվրամիության կոշտ քննադատության պատճառ։
Ցուցարարների առաջին շարքերում շատ երիտասարդ քաղաքացիներ էին կամ ինչպես ասում են՝ Z սերունդը։ JAMnews-ը պատմում է, թե ինչպես «երեխաները» հայտնվեցին բողոքի ակցիաների կիզակետում:
Մայիսի 28-ի առավոտ: Թբիլիսիում խոնավ և ամպամած է:
Ժամը 10:00-ից ակտիվիստները սկսեցին մոտենալ խորհրդարանի շենքին։ Վրաստանի և ԵՄ դրոշներով փաթաթված՝ վուվուզելներով և սուլիչներով, պաստառներով և գունավոր անձրևանոցներով: Նրանք քայլում էին խմբերով և առանձին-առանձին։
«Անցած գիշեր ես ընդհանրապես չկարողացա քնել: Միթե՞ նրանք կանեն դա: Ինչպե՞ս է հնարավոր վերցնել և պարզապես վաճառել երկրի ապագան»,— ասել է Թբիլիսիի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի 23-ամյա Անա Դվալին մայիսի 28-ի առավոտյան՝ այն բանից առաջ, երբ խորհրդարանը միաձայն հաղթահարեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահական վետոն:
Կարդացեք նաև
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Անան ու իր համակուրսեցիները համալսարան չեն հաճախում, նրանց գործը դարձել է հանրահավաքների գնալը։
Z սերունդ․ ովքե՞ր են նրանք
Վիքիպեդիայի և գիտական գրականության համաձայն՝ նրանք 1997-2012 թվականներին ծնված մարդիկ են։
Generation Z կամ կարճ Gen Z նրանց առաջին անգամ անվանել են ամերիկացի տեսաբաններ Նիլ Հոուն (Neil Howe) և Ուիլյամ Շտրաուսը (William Strauss) իրենց «Generations» գրքում, որը լույս է տեսել 1991 թվականին:
Սոցիոլոգ, Իլիայի պետական համալսարանի դոցենտ Մարիամ Դալաքիշվիլին բացատրում է, որ սերունդ նշանակում է ոչ միայն տարիք, այլև ընդհանուր սոցիալական, մշակութային և պատմական միջավայր, որում մեծանում է մարդկանց այս կամ այն խումբը։
«Նրանց միավորում է փոփոխությունների տեմպերի ընդհանուր փորձը: Սերնդին սերունդ է դարձնում դաստիարակության ու մեծանալու ընթացքում ձեռքբերած ու կուտակած ընդհանուր փորձը»։
Որպես հետաքրքիր սոցիալական ֆենոմեն՝ այս սերնդի մասին առաջին անգամ խոսվեց մեկ տարի առաջ, երբ Վրաստանի կառավարությունն առաջին անգամ նախաձեռնեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Սա ընկալվեց որպես Վրաստանի՝ եվրոպական ճանապարհից հեռանալու ազդանշան, և տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ: Շատերը երիտասարդներ էին:
Վրաստանի համար փողոցային բողոքի ակցիաները սովորական երևույթ են: Անկախության 33 տարիների ընթացքում երկրի գլխավոր հրապարակում տեղի են ունեցել հարյուրավոր բողոքի ցույցեր, մշտական հանրահավաքներ և հեղափոխություններ, սակայն 2023 թվականի բողոքի ակցիաները բովանդակությամբ և ձևով բոլորովին նոր բան էին։
Երիտասարդները փախուստի չէին դիմում, երբ հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ էին կիրառում։ Փոխարենը նրանք զինվում էին և վերադառնում հատուկ ակնոցներով, շնչառական սարքերով, ձեռնոցներով, սաղավարտներով և բժշկական ֆիզիոլոգիական լուծույթով՝ աչքերը լվանալու համար:
Նրանք պարում էին ազդանշանների ձայնի տակ ու կանգնում հատուկ նշանակության ջոկատի դիմաց։ Չնայած այս խաղարկային ձևին՝ երիտասարդներն անցած տարի չխուսափեցին նույնիսկ ոստիկանական մեքենա այրելուց և խորհրդարանի շենքի մի քանի ապակիներ կոտրելուց:
Իսկ կարմիր սպորտային տաբատով աղջիկը, որը ճարպկորեն պարում էր ջրցանի տակ, դարձավ բողոքի ակցիաների գլխավոր խորհրդանիշներից մեկը։
Հենց այդ ժամանակ Վրաստանը մոտիկից ճանաչեց իր նոր` շատ խիզախ և աննկուն սերնդին:
«Սա մի սերունդ է, որի համար չկան հեղինակություններ, որոնց հրահանգներին նրանք կենթարկվեին առանց խոսքի։ Նրանք ճանաչում են միայն հորիզոնական, հավասար հարաբերություններ, համարձակորեն պահանջում են այն, ինչ օրենքով իրենց է պատկանում։
Հայրերի և որդիների կռիվ
Երկրորդ տարին է, ինչ 24-ամյա Սոֆոն բողոքում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ։ Այս ընթացքում չի կարողացել համոզել հորը, որը սատարում է իշխանության դիրքորոշմանը։
Իշխանամետ լրատվամիջոցները հրապարակում են կոնտեքստից կտրված տեսանյութեր՝ մեզ անվանելով «բռնարարների խումբ», որը ղեկավարվում է «Ազգային շարժման» [Սաակաշվիլիի կողմից ստեղծված նախկին իշխող կուսակցության] կողմից։ Հայրս լսում է այդ ամենը և ինձ հետ խոսում է նույն ուղերձներով»։
Սոֆոն ասում է՝ փորձել է հորը բացատրել, որ ցույցերին մասնակցում է նաև նրա ապագայի համար․
«Միթե՞ Վրաստանի հանդեպ սերը միայն տարածքի և վրացական պարերի հանդեպ է: Վրաստանի հանդեպ սերը մարդկանց սերն է և լավ երկրում ապրելու ցանկությունը։ Ես տեսել եմ, թե ինչպես են տարեց մարդիկ ապրում Եվրոպայում, և ես տեսնում եմ, թե ինչպես է ապրում վրացի թոշակառուն։ Ես չեմ ուզում հետևում թողնել մեր ծնողների սերնդին և պայքարում եմ դրա համար»:
Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի/JAMnews
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: