Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի թուրքամետ իշխանությունները միանան Մինսկի խումբը լուծարելու հիմար քայլին, դա իրենց համար կլինի քաղաքական ինքնասպանություն»

Հունիս 10,2024 13:30

«Ադրբեջանի հանցավոր իշխանություններն այլ ելք չունեն, իրենք բռնել էին հանցավոր ճանապարհը եւ եկան հասան այն կետին, որ չի կարող խաղաղության պայմանագիրը կնքվել, ստանալ իրավական ուժ, եթե այն հաստատված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դրա համար էլ Ալիեւը հանդես է գալիս Մինսկի խումբը լուծարելու առաջարկով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, Ալիեւը հերթական պահանջն է ներկայացնում, հայտարարեց, որ առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Հնարավո՞ր է լուծարել Մինսկի խումբը։

– Անհնար է սա առանց թրոլինգի մեկնաբանել։ Կարելի է հանդիպակաց առաջարկ անել Ադրբեջանին՝ միանգամից դիմել ՄԱԿ-ը լուծարելու պահանջով։ Այդքանով անլուրջ քաղաքական միտք է դրված Ադրբեջանի առաջարկի հիմքում։

Սա բացահատում է, որ Հայաստանում թուրքական գաղափարախոսության տարածված թեզը, որ Արցախը տանք, եւ խաղաղություն կլինի, ի սկզբանե սուտ էր։ 1992 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայմաններից մեկը Արցախի հարցը ԵԱՀԿ-ին պատվիրելն էր։  Այն ժամանակ ԵԱՀԽ էր՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողով, որն իր կողմից մանդատ տվեց 11 պետություններին՝ ԵԱՀԿ անունից կարգավորելու Արցախի խնդիրը Հելսինկյան ավարտական ակտի սկզբունքներին համապատասխան։ Դրա համար գումարվեց միջազգային կոնֆերանաս։ Այդ կոնֆերանսը նախատեսված էր անցկացնել Մինսկ քաղաքում, դրա համար տրվեց այդ անվանումը՝ Մինսկի խումբ։ Խոսքը գնում է 11 պետությունների մասին, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, եւս 9 պետություն իրավահավասար պայմաններում որոշում կայացնելու իրավունք ունեն Արցախի խնդրի կարգավորման հարցում։ Այդ պետություններից հայտնի են երեքը՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, բայց նաեւ հարկ է նշել, որ այդ խմբի մեջ մտնում են Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Բելառուսը եւ Թուրքիան։

Մինսկի խումբը լուծարելու առաջարկը կեղծ օրակարգ է, բայց եթե փորձենք նույնիսկ այդ կեղծ օրակարգի ընթացակարգը հասկանալ, դա ենթադրում է, որ ԵԱՀԿ բոլոր պետությունները պետք է միաձայն կողմ արտահայտվեն Մինսկի խմբի՝ Արցախի հարցը լուծելու մանդատի լուծարմանը։ Ըստ էության դա անհնար է թե քաղաքական, թե իրավական իմաստով, որովհետեւ Արցախի հարցի կարգավորումն առհասարակ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայմանն էր։ Այսինքն՝ Ադրբեջանի ժողովրդի ինքնիշխանությունը, իրավահավասարությունը ճանաչելու նախապայմանն այն է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է պատվիրակվի ԵԱՀԿ-ին։ Եվ հրաժարվել այդ հարցից Ադրբեջանը չի կարող։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, եթե այս թուրքամետ իշխանությունները միանան այդ հիմար քաղաքական քայլին, դա իրենց համար կլինի քաղաքական ինքնասպանություն, որովհետեւ դա անիմաստ ու հիմար դրսեւորում կլինի, ընդվզում ողջ միջազգային հանրության դեմ։ Ադրբեջանի պարագայում այս քայլը հասկանալի է, որովհետեւ Ադրբեջանի հանցավոր իշխանություններն այլ ելք չունեն, իրենք բռնել էին հանցավոր ճանապարհը եւ եկան հասան այն կետին, որ չի կարող խաղաղության պայմանագիրը կնքվել, ստանալ իրավական ուժ, եթե այն հաստատված չէ Մինսկի խմբի կողմից։ Դրա համար էլ Ալիեւը հանդես է գալիս նման առաջարկով։ Հանցավոր կողմի այդ հայտարարությունն ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվում է, բայց եթե Հայաստանի իշխանությունները միանան դրան, դա կլինի քաղաքական ինքնասպանություն։ Նիկոլ Փաշինյանն այդ քայլով միջազգային տիրույթում կդադարի լինել քաղաքական գործիչ։ Հիմա էլ մի բան չէ, բայց առհասարակ կվերանա իր դերակատարությունը։

– Այսինքն՝ Ալիեւի այս հայտարարությունը նաեւ փաստում է, որ Արցախի հարցը լուծվա՞ծ չէ։ Այնինչ, վերջին տարիներին Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ներկայացնել, թե Արցախի հարց չկա։

– Ես հավելեմ՝ նաեւ թուրքամետ հայկական իշխանություններն ու Հայաստանում քարոզիչները նույնպես փորձում են ներկայացնել, որ Արցախի հարցը փակված է։ 2022 թվականից սկսած, նշաձողն իջեցնելու թուրքական գաղափարախոսության թեզը մեր քաղաքական  կյանքում շրջանառության մեջ դնելով, առ այսօր այդ սուտն ապրեց։ Բայց դա սուտ էր, ինչպես բազմաթիվ այլ կեղծ քաղաքական դրույթներ, որոնք լսում ենք Հայաստանի այսօրվա թուրքամետ իշխանություններից։ Եվ սա ցույց տվեց, որ Արցախի հարցի կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի դրույթ է։ Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող այդ պարտավորությունից ազատվել։

Դա էր զայրացնում ինձ այս վերջին երկու տարիներին, երբ տեսնում էինք, որ պետական գործիչներն ակնհայտ ստեր են տարածում, պարզ էր, որ մի օր բացահայտվելու էր։ Իշխանությունների այդ մեթոդաբանությունն անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին զրկում է հեղինակությունից՝ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Միայն միամիտ ու հիմար մարդիկ կարող են Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին իրենց այդ պարզունակ թուրքամետ գաղափարախոսությանը լուրջ վերաբերվել։ Բայց կրթված, գիտելիք ու տրամաբանություն ունեցող ցանկացած անձ ի սկզբանե Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու գաղափարին պետք է չտրվեր եւ հասկանար, որ դա կեղծիք է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930