Հայաստանի գերագույն հայատյացը գուցե իրավացի է, երբ մեղադրում է նախկիններին։ Այո, անխտիր բոլոր նախկինների մեղքն է, որ Հայաստանում այս իշխանությունն ունենք։ Հենց նրանք են մեղավորը, որ համալսարանից դուրս թռած լրագրողը հայտնվել է իշխանության ղեկին, ով հանձնել է Արցախը, հիմա էլ վերացնում է Հայաստանը։ Եթե Սերժ Սարգսյանը իր համար նոր սահմանադրություն կարել չտար, որպեսզի երրորդ «սրոկ» եւս պսշտոնավարի, այս անգամ էլ վարչապետի կոստյումով, ու այդպիսով լցրած չլիներ ժողովրդի համբերության բաժակը, այս հայատյացը երազում անգամ չէր կարող հայտնվել իշխանության ղեկին։ Իսկ Սերժին էլ Քոչարյան Ռոբերտն իշխանության բերեց, որպեսզի մի ժամկետ պաշտոնավարի, որ հետո ինքը Պուտին-Մեդվեդեւ-Պուտին ռակիրովկայի սցենարով կրկին դառնա ՀՀ նախագահ։ Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ։
Իսկ Քոչարյան Ռոբերտին էլ իշխանության էին բերել Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը։ Այնպես որ` սույն «գլխավորը» նույն շղթայի չորրորդ օղակն էր…
Այսօր Հայաստանի գերեզմանափորը միայն իր քպ-ով չի վերացնում Հայաստանը, այլ Քոչարյան-Սարգսյանի օրոք աճած կադրերի հետ միասին։ Իսկ ինչպե՞ս են աճել այդ կադրերը։
Այսօր էլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կադրերը ընտրած մարդիկ են Նիկոլի խորհրդարանում` ընդդիմադիրի կոստյումով, որոնք մինչ այդ լեգիտիմացրել էին ազգադավին, եւ մանդատները պինդ բռնած, երկարաձգում են նրա իշխանությունը։ Ու նրանք չեն հրաժարվի մանդատներից, որը նրանց բարձր աշխատավարձ, պարգեւավճար ու բարեկեցիկ կյանք է պարգեւում, գումարած` անձեռնմխելիություն ու այլ անուշ բաներ։
Կարդացեք նաև
Իրականում ցուցակով ընտրված այդ «ազգընտիրները» ոչ թե Հայաստանին ու հայ ժողովրդին են պետք, այլ առաջին հերթին իրենց տերերին` ոչնչից իրենց պատգամավոր սարքողներին։
Շատերն են ակնարկում, որ, օրինակ, Գեղամ Նազարյանի ու մյուս «ընդդիմադիրների» ֆեյսբուքյան էջերում հենց բառ են գրում մանդատները ցած դնելու մասին, անմիջապես ջնջում են։ Այն դեպքում, երբ հաճախ ուշադրություն չեն դարձնում իրենց ուղղված կոպիտ հայհոյանքներին։ Ու գլխավոր հարցը, որ երեւի հազարավորներն են տալիս` բայց ինչո՞ւ մեր այս «ընդդիմադիրները» ոչ միայն հեշտ, հանգիստ, անխռով, անծպտուն ընդունեցին Արցախի կործանումը, այլեւ ոչ մի քայլ չեն անում ազգադավին գահընկեց անելու համար։ Ընդամենը ժամանակ առ ժամանակ պայքարի իմիտացիա են բեմադրում ու ավելի հիասթափեցնում ժողովրդին։
Չեմ կարծում, թե արտերկրում բնակարաններ ու աշխարհի տարբեր բանկերում պատկառելի գումարներ ունեցող այդ մարդկանց հետաքրքրում է արդեն քարտեզից վերացող Հայաստանի ճակատագիրը։ Նրանք նոր չէ, որ թքած ունեն թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, թե՛ ընդհանրապես հայ ժողովրդի վրա։
Կարծում եմ, որ նրանք հիմա սպասում են ֆինալին, որպեսզի հանգիստ չվեն «տաք երկրներ»` թոռ ու ծոռներով վայելելու իրենց «արդար աշխատանքի» արդյունքը, որ նվաճել են հազարավորների քրտինքով ու արյամբ։
Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը եւս սրանք փորձում են տանել «զարթիր, լաո»-ի սցենարով։ Սեյրան Օհանյանն ասում է. «Մեր աջակցությամբ պիտի շարժումն անշրջելի դարձնենք»։ Գաղտնիք չէ, որ այսօր շատերին խրտնեցնում, վանում է հենց սրանց ներկայությունը Բագրատ սրբազանի կողքին։
Ու Սրբազանը պետք է վերջապես հրապարակավ հայտարարի, պահանջի, որպեսզի «ընդդիմադիր» կոչված պարապ-սարապ այդ մարդիկ ցած դնեն մանդատները` ստեղծելով խորհրդարանական, ներքաղաքական ճգնաժամ` վարչախմբին կտրելով սնուցող արմատներից։
Գևորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.06.2024
Ամբողջությամբ համամիտ եմ հեղինակի արտահայտած տեսակետների հետ, իսկ վերջին պարբերությունում նշված նրա առաջարկը համարում եմ Սրբազան պայքարի ամենաարդյունավետ ելքի բանալին:
Մեր խորհրդարանական ընդդիմությունը մինչև հիմա տարբեր պատրվակներով ահընդհատ հրաժարվել է մանդատները վայր դնելուց, բայց փողոց դուրս եկած ժողովուրդը պետք է պարտադրի նրանց անելու այդ քայլը, որովհետև այս չարիքի իշխանությունից ազատվելու համար դա իմպիչմենտից ավելի իրատեսական հնարավորություն կարելի է համարել և ավելի արագ արդյունքի հասցնող: Մեր խորհրդարանական ընդդիմադիր պատգամավոներն իրենց հայրենասիրությունն ու ազգասիրությունը ռեալ գործով ապացուցելու ավելի լավ հնարավորություն չեն ունենա, քան այժմ: Եթե Սրբազան շարժումը մանդատները վայր դնելու գործընթացը նրանցից պահանջի և ընդդիմադիրները դա չանեն, ապա նրանք քպ-ականներից ոչնչով չեն տարբերվի: