Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է հայտնեն դեսպանատանը կամ հյուպատոսարանում

Հունիս 10,2024 13:00

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2024 թվականի անդրանիկ համարը (հունվար-մարտ): «Առավոտի» իրավական էջը այս անգամ ներկայացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ գործունեությանն աջակցման վարչության պետ, փոխգնդապետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ «Միգրանտի պատասխանատվության քրեաիրավական հիմքերը եւ իրավակիրառ պրակտիկան» ուսումնասիրությունից մի հատված:

«Միգրանտը, ցանկություն ունենալով մեկնել Հայաստանի Հանրապետությունից եւ միեւնույն ժամանակ համոզված չլինելով օրինական ընթացակարգով ցանկալի երկիր մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու հնարավորության մեջ, կամ արդեն իսկ հյուպատոսական մարմնից կամ դեսպանատնից ստացած լինելով մերժում, դիմում է անօրինական միգրացիայի կազմակերպչին, ով գումարի դիմաց համաձայնվում է օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն ներկայացնելով կազմակերպել իրեն դիմած անձի անօրինական միգրացիան: Շատ դեպքերում, անօրինական միգրացիայի կազմակերպիչը, ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու հավանականությունը մեծացնելու նպատակով, պատկան մարմին ներկայացվելիք փաթեթում ներառելու համար միգրանտին տրամադրելով իրավունք վերապահող կեղծ փաստաթղթերը, վերջինիս նախապես ծանոթացնում է դրանց բովանդակությանը, նախապատրաստում, թե ի՞նչ պետք է հայտնի դեսպանատանը կամ հյուպատոսարանում: Միգրանտն էլ, համաձայնեցված գործելով անօրինական միգրացիայի կազմակերպչի հետ, հետապնդելով նույն նպատակը, ճշտությամբ կատարում է վերջինիս բոլոր հրահանգները: Այսպիսով, ստացվում է, որ միգրանտը, ցանկանալով մեկնել կոնկրետ երկիր եւ չունենալով այդ երկիր մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն, ցանկանում է այդտեղ մեկնել անօրինական միգրացիայի արդյունքում: Իր մտադրության իրականացման նպատակով գտնում է նման գործընթացը կազմակերպողի, խոստանում գումար՝ գործընթացը կազմակերպելու համար, այսինքն՝ նյութապես շահագրգռելու եղանակով ազդում է վերջինիս գիտակցության եւ կամքի վրա, նրա մոտ առաջացնում է հանցանք կատարելու դիտավորություն եւ վճռականություն: Տվյալ դեպքում, երբ միգրանտը գիտակցում է, որ օրինական գործընթացի արդյունքում հնարավոր չէ մեկնել ցանկալի երկիր, ուստի դիմում է անօրինական միգրացիայի կազմակերպչին՝ իր աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային շարժի կամ շարժական ու անշարժ գույք ունենալու եւ այլնի մասին իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր, տեղեկություններ ներկայացնելու եղանակով կազմակերպելու ցանկալի երկիր մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվության ստացումը, վկայում է այն մասին, որ միգրանտի արարքում առկա է դրդչության սուբյեկտիվ կողմը բնութագրող ուղղակի դիտավորության հատկանիշը: Այսինքն, միգրանտը գիտակցում է, որ իր գործողություններով մեկ ուրիշին դրդում է հանցանքի կատարմանը, նախատեսում եւ ցանկանում է այդ հանցանքի կատարումը, ուստի այն դեպքերում, երբ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ անձը գիտակցել է օրինական ընթացակարգով ցանկալի երկիր մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու անհնարինությունը եւ դիմել է անօրինական միգրացիայի կազմակերպչին, խոստացել նյութական օգուտ՝ ցանկացած, ներառյալ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն ներկայացնելու, օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելու անօրինական եղանակներով կազմակերպել իր միգրացիան, ապա վերջինիս արարքը կեղծ փաստաթուղթ օգտագործելու, պետական սահմանն ապօրինի հատելու կամ հատելու փորձ/նախապատրաստություն կատարելուց զատ՝ պետք է որակել որպես անօրինական միգրացիայի կազմակերպման դրդչություն՝ հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածին:

Ընդ որում, պետք է ընդգծել, որ քննարկվող դեպքերում, եթե նույնիսկ գործընթացի կազմակերպման համար գումարի առաջարկը հնչի անօրինական միգրացիայի կազմակերպչի կողմից, դա ամենեւին էլ չի ենթադրում, որ վերջինիս կողմից հանցանք կատարելու դիտավորությունը եւ վճռականությունը չի առաջացել միգրանտի գործողությունների արդյունքում: Մասնավորապես, երբ միգրանտը դիմում է կազմակերպչին իր անօրինական միգրացիան կազմակերպելու խնդրով՝ բնականաբար գիտակցելով, որ գործընթացը կատարվելու է նյութական օգուտի դիմաց, նրան դրդում է կատարել հանցանք եւ այդ դիտավորությունն ամրապնդում է նյութական օգուտի առաջարկ ներկայացնելով: Այսինքն, ներքին բովանդակության առումով հանցանքի կատարման նախաձեռնողականությունը բխում է միգրանտից: Նույնիսկ գրեթե բոլոր դեպքերում միգրանտները նախապես տեղեկացված են լինում տարբեր ուղղություններով անօրինական միգրացիայի կազմակերպման «գործող արժեքներից» եւ համոզված լինելով իրենց վճարունակության մեջ՝ դիմում են անօրինական միգրացիան կազմակերպչին: Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ ներկայում դրդչության որակման առումով պրակտիկան զարգանում է հենց այս տրամաբանությամբ: Օրինակ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու դեպքերում իրականացվող վարույթներով, երբ քննությամբ բավարար փաստական տվյալներ են ստացվում առ այն, որ անձը պաշտոնատար անձին համոզելու կամ այլ եղանակով (բացառությամբ՝ նյութական օգուտ առաջարկելու, խոստանալու կամ տալու դեպքերի) դրդել է զերծ մնալ իր ծառայողական պարտականությունները կատարելուց կամ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի: Նման դեպքերում արարքը որակվում է որպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրդչություն: Կարծում ենք, որ վերոգրյալ մոտեցումները, որոնք որդեգրել են իրավակիրառները, ամբողջությամբ իրավաչափ են, բխում են ՀՀ քրեական իրավունքի իրավակարգավորումներից եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներից:

Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարծում ենք, որ միգրանտի քրեական պատասխանատվության մասով պետք է որդեգրել եւս մեկ նոր մոտեցում: Մասնավորապես, այն դեպքերում, երբ միգրանտը, ցանկություն ունենալով մեկնել ՀՀ-ից եւ միեւնույն ժամանակ համոզված չլինելով օրինական ընթացակարգով ցանկալի երկիր մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու հնարավորության մեջ, կամ մուտքի եւ գտնվելու պատշաճ թույլտվության մերժում ստանալով դիմում է անօրինական միգրացիայի կազմակերպչին՝ զարտուղի եղանակով իր ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվությունը ստանալու խնդրով, իսկ վերջինս էլ գումարի դիմաց համաձայնվում է ապահովել պահանջը, միգրանտի արարքը պետք է որակել նաեւ անօրինական միգրացիայի կազմակերպման դրդչություն՝ հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածին: Նման մոտեցումը բխում է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակարգով» եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի իրացման, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խնդիրների լուծման շահերից: Առաջարկվող կարգավորումը միգրանտի արարքի որակման առումով ամենեւին չի հակասում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքի իրացմանը եւ հանցավորության դեմ պայքարի հաջող արդյունքը պատասխանատվության խստացմամբ ապահովելու միտում եւ հիմնավորում չի պարունակում: Միգրանտի արդարացի քրեական պատասխանատվությանը հասնելու մասով անզիջում կամքը եւ դրանից բխող գործողությունների շղթան ոչ պակաս ազդեցություն ունեն անօրինական միգրացիայի կազմակերպման հանցանքի դեմ պայքարում, նույնիսկ շատ դեպքերում ավելի մեծ նշանակություն ունեն հիշյալ հանցանքի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու գործում»:

«Առավոտ» օրաթերթ
08.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930