Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն տեսակետին եմ, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Կրեմլը Հայաստանում իշխանափոխության գործընթացներին չի աջակցելու». Արման Մելիքյան

Հունիս 10,2024 14:00

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի՝ Բաքուն կոնկրետ նպատակ է հետապնդումգ ուզում է հենց Հայաստանի Հանրապետության ձեռքով միջազգային քաղաքական օրակարգից ջնջել Արցախի Հանրապետության հիմնախնդիրը։

-Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հիշել է ՀՀ Սահմանադրության թեման ու հայտարարել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիր կնքելը պարզապես անհնար է, քանի դեռ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ, ավելի վաղ «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման պահանջ էր ներկայացրել։ Ալիեւի՝ այս տրամադրվածության պարագայում ի՞նչ եք կարծում՝ այն երաշխիքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն էր խոսում՝ որպես սահմանազատման գործընթացից բխող արդյունք, իրականանալի՞ են։

-Նախագահ Ալիեւի` այս կարգի ելույթները ՀՀ իշխանությունների հանդեպ լրացուցիչ ճնշումներ բանեցնելու համար կիրառելի գործիք են։ Նա ձգտելու է Փաշինյանի կառավարությունից կորզել առավելագույն զիջումները։ Այդուհանդերձ չնսեմացնենք սահմանազատման գործընթացի կշիռն ու դերը՝ այստեղ կոնկրետ գործողությունների դաշտ է եւ հենց դրա հանդեպ գործնականում ունեցած վերաբերմունքով է Նախագահ Ալիեւը ցույց տալու իր ունեցած մտադրությունները, Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կամ չհարգելու նպատակադրումը։ Բոլոր դեպքերում, այս պահին ոչ մի առարկայական երաշխիք դեռ չկա, որ նա անկեղծորեն կձգտի կայուն, երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։

-Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Իլյաս Թոփսաքալն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, որ պետք է բացվեն իրենց պատմական ուղիները՝ վստահեցնելով, որ Իրանով ճանապարհը այլընտրանք չէ։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը ոչ թե պարզապես ճանապարհ ունենալն է, սյլ Սյունիքի նվաճումը։

-Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում գոյություն ունեն ուժեր եւ անհատներ, որոնց համար Հայաստանի պետականության փլուզումը, մեր երկրի զավթումն ու հայաթափումը իրական նպատակ է, որին հասնելու համար զգալի ջանքեր են թափվում ու շոշափելի միջոցներ ծախսվում։ Այս կարգի ելույթները չի կարելի անտեսել՝ դրանք պետք է հակակշռվեն ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնվելիք համարժեք արդյունավետ գործողություններով։ Մեր դեմ ուղղվող թշնամական քայլերը վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ գործուն հակազդեցության պետք է հանդիպեն։

-Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, թե Բաքուն դիմել է Երեւանին, որպեսզի համատեղ խնդրանքով դիմեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար եւ ըստ նրա՝ եթե Երեւանը չընդունի այդ առաջարկը, ապա կնշանակի, որ շարունակում է տարածքային հավակնություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ: Ի՞նչ կապ ունեն Երեւանն ու Բաքուն Մինսկի խմբի ստեղծման հետ կամ լուծարման հետ, չեք կարծո՞ւմ, որ սա Ադրբեջանի հերթական շանտաժն է, որը ոչ մի դեպքում չպետք է ընդունել եւ ավելին, պետք է հստակ արձագանք լինի ՀՀ-ի եւ արեւմուտքի կողմից։

-Բաքուն կոնկրետ նպատակ է հետապնդում՝ ուզում է հենց Հայաստանի Հանրապետության ձեռքով միջազգային քաղաքական օրակարգից ջնջել Արցախի Հանրապետության հիմնախնդիրը։ Ու, գուցե, այս համատեքստում կարեւոր էլ չէ այն, որ ԵԱՀԿ-ն կարող է այդ դիմումի հիման վրա չկարողանա չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ կոնսենսուսի բացակայության պատճառով։ Իրավա-քաղաքական տեսանկյունից էականը նա կլինի, որ Հայաստանն, առհասարակ, նման դիմում է ներկայացրել Ադրբեջանի հետ համատեղ։ Այսինքն` այդպիսով, պաշտոնական Երեւանը դրդելու է նաեւ միջազգային հանրությանը՝ հրաժարվել Արցախի հայության իրավունքների պաշտպանության խնդրով զբաղվելու նպատակից։

-Հունիսի 1-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին հեռախոսազանգը շատերը համարում են Փաշինյանին ուղղված շանս։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը պաշտոնական Մոսկվայից ինչ-ինչ երաշխիքներ է ստացել իր իշխանության պահպանման հարցով։

-Ես չեմ նշմարում Մոսկվայի կողմից Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու առարկայական նպատակադրում։ Իմ կարծիքով` ՌԴ իշխանությունները միանգամայն բավարարված են ՀՀ հետ առկա հարաբերությունների մակարդակով ու ծավալով եւ այստեղ լրացուցիչ անելիք առայժմ չեն տեսնում։ Թեեւ չեմ բացառում, որ ռուսաստանյան որոշ քաղաքական ու մերձիշխանական շրջանակներ աշխատում են Հայաստանում այլ տպավորություն ձեւավորել։ Այն տեսակետին եմ, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Կրեմլը Հայաստանում իշխանափոխության գործընթացներին չի աջակցելու։

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Համենայն դեպս, հրապարակային հայտարարություններից պարզ է, որ քաղաքական դաշտում խաղացողների մեծ մասի հիմնական գերխնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, սակայն մենք այդպես էլ ականատես չենք լինում հանրային, քաղաքական մեծ ճնշման, որի արդյունքը կլինի Փաշինյանի հեռացումը։ Սկզբում այս ուժերից շատերը Բագրատ սրբազանի շարժման կողքին էին, աստիճանաբար նրանց մասնակցությունը նվազեց։ Ի՞նչն է պատճառը։

-Մեր քաղաքական վերնախավերը բավարար մտավոր-մասնագիտական ռեսուրս չունեն առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին համարժեք արձագանքելու, առկա խնդիրները լուծելու համար։Պետական շահը տղայական լեզվակռվին բնորոշ բառամթերքի ու «փիլիսոփայության» եզրույթների կիրառմամբ հնարավոր չէ ձեւակերպել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930