«Սրբազան հոր խոսքն այն է, որ մեր կողմից որեւէ սադրանք չկա։ Հիմա չգիտեմ՝ ինչի՞ համար են այս վահանները, համենայնդեպս ո՞ւմ դեմ են։ Կարող եք տեսնել, որ ժողովուրդը, որը ցույցին մասնակցում է, հանգիստ նստած են»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան փողոց, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։ Բաղրամյանից Պռոշյան փողոցը մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։
Հրայր սարկավագն անդրադարձավ ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե շարժման անդամների գիշերային աղմուկը խախտում է մարդկանց անդորրը։ «Ո՞ր աղմուկի մասին է խոսքը։ Երբ երաժշտություն կար, ի պատիվ այդ գնդապետի, ինքը մոտեցավ, շատ քաղաքավարի ասաց, որ ժամն արդեն անցել է, երաժշտությունը չի կարելի բարձր միացնել։ Եվ սրբազան հոր հորդորով արդեն երաժշտությունն անջատվել էր, բայց թե ով էր վահաններով խփում, աղմուկ հանում, մեզ մոտ վահաններ ու փայտեր չկային։
Պատմությունը խեղաթյուրելը հեշտ բան է, բայց դա մարսելը մեծ պատասխանատվություն է արդեն։ Ամեն մարդ կարող է ելնել ու հայտարարություններ անել, բայց արդյոք ինքը տե՞ր է կանգնում իր ասածին։
Եվ շատ համեմատություններ են արվում այս օրերին, թե 2018 թվականին ցույց անողները, նրանք, ովքեր խաբում ու համոզում էին ժողովրդին, ինչեր էին անում։
Հիմա որոշները մեղադրում են, թե Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցներն ինչեր են անում։ Մենք ականատես ենք լինում, թե մասնակիցներն ինչպես են իրենց պահում, բոլորը լսում են սրբազան հոր խոսքը, հետեւում են նրա խոսքին։ Սրբազան հայրը նշել է քանի անգամներ, որ եթե մեկն ինչ-որ սադրիչ բան արեց, ուրեմն շարժման հետ կապ չունի։ Հիմա այստեղ ժողովուրդը նստած է հանգիստ, սադրանք չի անում, իսկ թե շերեփներով ինչեր են արել ժամանակին, արժանապատիվ է այն մարդը, ով իր անցած ճանապարհը չի ուրանում։ Եթե սխալ է արել, գոնե խոստովանում է, որ սխալ է արել»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ