«Պարոն ոստիկանապետ, դուք քանի որ բարձր հրամանատարության ամենաբարձր հրամանատարն եք, ես ենթադրում եմ, որ դուք կարող եք որոշումը կայացնել, օրինակ, ոչ թե պարոն Ղազարյանը՝ ի՞նչ առումով, չեմ նսեմացնում պարոն Ղազարյանի դերը. պարոն Ղազարյանը հայտարարեց, որ խնդիրն ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելն է, այս ժամին կամ առավոտյան, հավաքի կազմակերպիչները հստակ հայտարարում են՝ ԱԺ մուտքը փակած պահելու որեւէ նպատակ հավաքը չունի: Նպատակը՝ երթով Դեմիրճյան փողոցով անցնելն է՝ վերամիավորվելն է մեր ընկերների հետ եւ հավաքը շարունակել այն եղանակով, որ եղանակով որ այդ հիմնարկի աշխատանքը չի խոչընդոտվի»,- երեկ կեսգիշերն անց Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին դիմեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Վարազդատ Հարությունյանի դիտարկմամբ՝ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի սահմանման կարգով, ելնելով հավաստիության կանխավարկածից, ոստիկանությունը, հրամանատարները, որպես վարչական մարմիններ, պետք է գործեն՝ ելնելով այն կանխավարկածից, որ հավաքի սահմանված նպատակներն այնպիսինն են, ինչպիսինը հայտարարվել են: Իսկ հավաքի, երթի հայտարարված նպատակը՝ Դեմիրճյան փողոցով երթի մյուս մասնակիցներին միավորվելն է:
Հրամանատար Ղազարյանը երթի վերջնական նպատակը կասկածի տակ էր դնում, քանի որ՝ «մինչեւ վերջ չեք ասում երթուղին, ասում եք՝ կգնանք մի տեղ՝ կշարունակենք մեր հավաքը»:
Վարազդատ Հարությունյանը նկատեց՝ «կենացները քաղցրանում են սկզբունքը» չի գործելու, նա վստահեցրեց, որ ցուցարարները ԱԺ մուտքը փակելու, այդ հիմնարկի բնականոն գործունեությունը խանգարելու ծրագրեր չունեն, բայց հրամանատար Ղազարյանն այժմ էլ այլ պահանջներ է ներկայացնում. «Ասում եք, հիմա մի հատ էլ ասեք, թե ո՞ւր եք գնալու: Ոչ, պարոն Ղազարյան, դա արդեն ոստիկանության կապրիզն է»:
Կարդացեք նաև
Հրամանատար Ղազարյանն առաջարկեց՝ դատական կարգով վիճարկել հարցը:
Հիշեցնենք, ԱԺ-ի մոտ երեկոյան մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել, նրանք թույլ չտվեցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, երթով քայլեին դեպի Դեմիրճյան փողոց՝ միանալու ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորած երթի մասնակիցներին: Ցուցարարները գիշերը փողոցում են անցկացրել:
«Պարոն ոստիկանապետ, ինձ թվում է՝ ընտրության խնդիր կա. կամ ընտրություն ենք կատարում՝ հանդարտ, հանգիստ, որ մարդկանց հավաքների ազատության իրավունքը հարգվի, կամ՝ շարունակում ենք մեզ համար անհասկանալի պատճառաբանությունները, որի պատճառով ժողովուրդն այսքան կանգնած է ոստիկանության պատի առջեւ»,- ամփոփեց փաստաբանը՝ հավելելով, որ ոստիկանները որեւէ օբյեկտիվ, նորմալ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչո՞ւ են խոչընդոտել երթը. «Հավաքի մասնակիցներն այս պահին Բաղրամյան փողոցում են, մինչև այս պահը հավաքի մասնակիցները ենթարկվել են հավաքի փաստացի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Արդեն երկու ժամ է, տեղյակ եք, հավաքի մասնակիցներն ուզում են անցնել Դեմիրճյան փողոցով»:
Ոստիկան Ղազարյանը պատասխանեց. «Ոստիկանական ուժեր կարող է ամեն տեղ լինի, քանի որ ձեր գործողությունները կանխատեսելի չեն եղել: Մենք օրենքով սահմանված ամեն ինչ անում ենք հասարակական կարգը ապահովելու համար: Ոստիկանապետի անունից ձեզ փոխանցեմ՝ եթե վերամիավորման խնդիր եք դրել, ձեզ կուղեկցենք Պռոշյան փողոցով՝ կգնաք ու կվերամիավորեք հավաքի մյուս մասնակիցների հետ»։
Ոստիկանության այս առաջարկը դուր չեկավ ցուցարարներին: Իսկ Վարազդատ Հարությունյանը ոստիկանության բարձրաստիճան ոստիկանների պահվածքը կամայականություն որակեց. «Այս երկխոսության արդյունքը կարող է լինել այն, որ արձանագրվեց՝ սա ոստիկանության կապրիզն է: Պարոն Ղազարյան կամ այլ հրամանատարներ, այս պահից սկսած՝ մի ասեք՝ օրենքն է, իրավունքն է, ենթաօրենսդրական ակտերն են: Ասեք՝ ոստիկանության կապրիզն է, որովհետեւ մենք օրենքից խոսեցինք, ձեր հարցերի պատասխանները տրվեցին, հարցերի պատասխանները տալուց հետո, դուք մեկ է՝ խոչընդոտում եք: Ասեք՝ կապրիզն է, ինչի՞ եք ձեւականությունների հետեւից ընկել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ