«Մարդկանց քանակը միակ բանը չէ, որն անհրաժեշտ է հաջողելու համար։ Կարեւոր են մեր քայլերը, եւ հակառակը՝ մեր քայլերից կախված՝ մարդկանց քանակը ուրիշ կլինի։ Բայց չհաջողելու ճար չունենք, չհաջողելով՝ ամեն տարի մենք պակասելու ենք, Հայաստանը պակասելու է, եւ հիմա էլ շարունակվում է։ Այն հատվածը, որտեղ երեկ կարող էինք գնալ կանգնել, այսօր ադրբեջանցիներն են կանգնած։ Ու այդպես շարունակվելու է, դա վերջինը չէ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատազեն»-ի համահիմնադիր Իշխան Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ ով էլ լինի Հայաստանում իշխանության, պետք է հասկանա, որ թշնամու պահանջները չեն դադարելու։ «Եթե ինքն ուզում է խաղաղություն, ժողովուրդը նայում է էլիտաներին, որոշում է, որ ըտենց է լինելու, հաշվակները սխալ են դուրս գալիս, արդյունքում՝ ցեղասպանություններ են լինում»,- ասաց նա։
Ըստ Իշխան Գեւորգյանի՝ մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե եկել են պայքարին միանալու, սա երկար գործընթաց է։ Ըստ նրա՝ ցույցի մասնակիցների պահանջը արդար պահանջ է․ «Ես չեմ համակերպվում այս իրականության հետ, որ գնամ ապրեմ, գործ չեմ կարողանում անել, մարդավարի ապրել, խլել են ամեն ինչ ինձնից։ Ի՞նչ տարբերություն՝ կիրանցու, իմ ու ու ձեր տան մեջ։ Եթե ինձ համար միեւնույն է կիրանցու տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Քաղաքացիները վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով գնացել էին Բաղրամյան փողոց, փորձել երթը շարունակել Դեմիրճյան փողոցով։ Բայց ոստիկանները, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով, թույլ չէին տվել մուտք գործել Դեմիրճյան փողոց։ Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել նաեւ կառավարական ամառանոցների մոտ։ Բաղրամյանից Պռոշյան փողոցը մուտքը փակ է, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
Բագրատ սրբազանը երեկվա հանրահավաքում հայտարարել էր, որ 96 ժամ ժամանակ կա՝ այս իշխանություններին հեռացնելու համար։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ