«Հավաքը պետք է անցկացվի ԱԺ նախագահի նստավայրից, նաև կառավարությունից այնպիսի հեռավորության վրա, որ նրա բնականոն գործունեությունը չխոչընդոտվի»,-քիչ առաջ ՀՀ ԱԺ-ի մուտքի մոտ հայտարարեց ոստիկանությունը՝ թույլ չտալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցներին երթով ընթանալ առաջ։
Այս պահին ՀՀ ԱԺ բոլոր մուտքերը փակված են ՀՀ ոստիկանության կողմից։ Փակ է նաև Դեմիրճյան փողոցը։ Արգելափակված է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։
Կարդացեք նաև
Երթի մասնակիցների այն պնդմանը, թե այժմ կիրակի է, ո՞ւմ բնականոն աշխատանքն են ապահովում, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց․ «Մենք նախապես փորձում ենք այդ ֆունկցիան ապահովել, որ հետո խնդիր չառաջանա։ Հավաքների իրավունքը բացարձակ իրավունք չէ, այն կարող է սահմանափակվել Սահմանադրությամբ և Հավաքների ազատության մասին օրենքով»։
Նշեք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում է նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկաններին մոտեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ու ասաց․ «Բարի երեկո ձեզ, խնդրում եմ ճանապահը բացեք, երթը շարունակենք»։ Ի պատասխան ոստիկանության կողմից հնչեց՝ երթը կարող եք այլ կերպ շարունակել։ Գառնիկ Դանիելյանն ասաց՝ մենք երթը պիտի սենց շարունակենք, բացեք, ապահովեք, որ մեր երթը շարունակվի։
Ոստիկանության կողմից հնչեց՝ չենք բացելու ճանապարհը։ Գառնիկ Դանիելյանն էլ պնդեց՝ տենց կատեգորիկ ասում եք՝ չեք բացելու, մենք էլ կատեգորիկ ասում ենք՝ ճանապարհը պիտի բացվի»։
Դիմելով Արամ Հովհաննիսյանին, պատգամավորն ասաց՝ խաղաղ երթ ենք անում, ապահովեք մեր երթը։
Լրագրողները Արամ Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ եթե երթի մասնակիցները փորձեն անցնել դեպի ԱԺ, հնարավո՞ր է, որ ուժ կիրառեն, նա պատասխանեց․ «Ոչ մի բան չենք բացառում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ