«Մենք մնալու ենք հրապարակներում ու փողոցներում, մեզնից վճռականություն եք պահանջել, մեզնից գործողություն եք պահանջել, իմ աչքերը տեսնում են բոլորին, հավատացեք՝ նաև կարողանում եմ լսել բոլորին։ Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու»,-Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Այս խոսքերից հետո բազմությունը գոչեց՝ սրբազա՜ն, սրբազա՜ն։ Նա շարունակեց․ «Այո, չեմ դավաճանելու, չեմ խուսափելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ՝ յուրաքանչյուրդ էլ նույնն եք գործելու նախ միմյանց հանդեպ, ապա փոխադարձաբար»։
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց՝ 4 օր ՝96 ժամ, այս նույն ու ավելի բազմությամբ, եթե լինեն, ապա խոստանում է, որ այդ փոփոխությունը տեղի է ունենալու․ «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր, թազա Հայաստանին, հետևաբար ինչպես ասացի՝ ես ուզում եմ համոզված լինել, որ այն բազմությունը, որ այսօր այստեղ է, քիչ առաջ տրված խոստման համաձայն՝ հանձն է առնելու կրել տարատեսակ դժվարություններ։ Չորս օր՝ 96 ժամ, համառ ջանքով, անտեղիտալի կամքով, հաստատ համոզումով, որ հաղթանակից ընդամենը մի քանի քայլ ենք հեռու, և դա տեղի է ունենալու մեր բոլորի պատրաստականությամբ, մեր բոլորի աննահանջ նվիրումով, կարգապահությամբ և անտրտունջ հանձնառություն առնելու այս օրերի բոլոր տեսակի դժվարությունները»։
Դիմելով բոլոր քաղաքական ուժերին՝ Բագրատ Սրբազանը հորդորեց՝ ավելի խտացված շարքերով, ամբողջական ներդրումով և մասնակցությամբ մասնակից լինել շարժմանը՝ որպես մեկ ամբողջություն։ Դիմելով բոլոր ուժային կառույցներին ու նրանց ղեկավարներին՝ ասաց․ «Ցավոք, այս օրերին էլ փաստեցին՝ թեպետ դժկամությամբ, չկամությամբ, որ այլ գործառույթ չունեն մեր երկրում այս օրերին բացի ստախոս ու վախկոտ մարդու չակերտավոր անվտանգությունը ապահովելը, և դա անում են սեփական ժողովրդից, որոնց շարքերում դուք եք, սիրելի′ ոստիկաններ։ Դիմում եմ ձեզ, գործել օրինականության սահմաններում, հասկանալ, որ այս ամենը ձեր ազատ, հարգանքով ծառայության համար է, որ չնկատվեք՝ որպես սոսկ գործիքներ, ում համար պետությունը, հայրենիքը ուսադիրը մեծագույն պատիվ ու առաքելություն է»։
Այս պահին հանրահավաքի մասնակիցները շարժվում են Ամիրյան, Մաշտոց, Բաղրամյան փողոցներով։ Բագրատ սրբազանն ասաց՝ մնացածը ճանապարհին կհայտնեն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ