1992 թվականի մարտի 22-ին Գերագույն Խորհրդի մեծամասնության՝ Հայոց Համազգային Շարժման կուսակցական համագումարում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ ինչպես 1918 թվականին Ռուսական կայսրությունը իր ներքին խնդիրների բերումով հեռացավ Հարավային Կովկասից և այնուհետև «հրով ու սրով» վերադարձավ, այդպես էլ այժմ ձգտում է երկարաձգել իր ներկայությունը տարածաշրջանում, մինչև կարողանա լուծել իր ներքին խնդիրները և «հատուկ քաղաքականություն» վարել տարածաշրջանի նկատմամբ։ Նա նաև ասում է, որ Հայաստանում «կան ուժեր, որոնք սերմանում են ոչ միայն խուճապի տրամադրություններ, այլև պատերազմի մոլագարություն, որը մեր նորածնունդ պետության գլխին կախված ամենամեծ վտանգն է»։
1992 թվականի մայիսին և հունիսին, Ռուսաստանը սովետական զենքերի մի մեծ բաժին է հանձնում Ադրբեջանին։ Հունիսին Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերը և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կորուստներ են կրում։ Այս ֆոնին նույն տարվա հունիսի 22-ին գումարված արտահերթ նիստերում Գերագույն Խորհրդի ընդդիմադիր ուժերը՝ Դաշնակցությունը, Ռամկավարները, ԱԺՄ-ն (Վազգեն Մանուկյանը և իր ղեկավարած կուսակցությունը), ԱԻՄ-ը (Պարույր Հայրիկյանը և իր ղեկավարած կուսակցությունը) և այլք՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք միավորվել էին «Ազգային դաշինք» անվան ներքո, սկսում են պահանջել, որպեսզի Հայաստանը կամ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կամ գոնե անընդունելի համարի ցանկացած փաստաթուղթ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
ՀՀՇ-ն սկզբում առաջարկում է նախագծի մեջ գոնե գրել «եթե ԼՂՀ-ն դեմ է», սակայն ընդդիմությունը չի համաձայնում։ ՀՀՇ-ն չի մասնակցում նախագծի քվեարկությանը, և նախագիծը տապալվում է։ Ընդդիմությունը սկսում է ցույցեր։
Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ Գերագույն Խորհրդում գերակշռող է դառնում պատերազմի քաղաքականությունը, որի հետ նա չի կարող հաշտվել և այդ մասին կհայտնի ժողովրդին հեռուստատեսային եթերով, ինչը և անում է։ Այդ նույն եթերում հունիսին 29-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցության բյուրոյի անդամներից մեկին՝ Հրայր Մարուխյանին հեռուստատեսությամբ մեղադրում է ՊԱԿ-ի (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե, КГБ) հետ կապի մեջ և 48 ժամ տալիս Հայաստանը լքելու համար։
Կարդացեք նաև
Հուլիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնում է Մոսկվա։ Վերադառնալով Հայաստան՝ հուլիսի 8-ին նա Գերագույն Խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում։ Գերագույն Խորհրդի նախագահ ՀՀՇ-ական Բաբկեն Արարքցյանը առաջարկում է նախագիծ ընդունել գոնե այն մասին, որ Հայաստանը անընդունելի կհամարի ցանկացած փաստաթուղթ, որը դեմ է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, սակայն ընդդիմությունը մերժում է այս առաջարկը։ Հուլիսի 8-ին ընդդիմության ճնշումների ներքո Հայոց Համազգային Շարժումը ընդունում է ընդդիմության նախագիծը։
Պատմությունը այլևս չի կրկնվի։
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր