«Այս օրերին մի տնազուրկ անտուն մարդու տեսանյութ են տարածել՝ ծաղրելով, նվաստացնելով մարդուն, այդ մարդուն ներկայացնելով որպես Բագրատ Սրբազան՝ հարբած, խմած՝ աստիճանների վրա, գիտակցությունը կորցրած։ Վստահ եմ՝ դուք բոլորդ տեսել եք։ Այո, այդ մարդը ես եմ»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա, դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիներին, ասաց․ «Առավել, այդ մարդը խորհրդանշում է այսօրվա ՀՀ-ն, ինչպես այդ անտուն մարդը՝ շատ պատկառելի և հարգելի, մատնվել է այդպիսի թշվառության մեջ, այդպես էլ մեր ողջ ժողովուրդն է նույն տիպի թշվառության, տնազրկման, բնազրկման մեջ այս չարիքի կողմից։ Մեր՝ փողոցում գտնվելու նպատակը վերականգնելն է մեր տունը»։
Կարդացեք նաև
Նա մի մեջբերում կատարեց մարգարեական խոսքից․ «Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում՝ խաղաղություն է, խաղաղություն։ Մինչդեռ խաղաղություն չկար, պիտի ամաչեն, որ պղծության գործեր կատարեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքերում պատկառանք չզգացին։ Այս մարգարեական խոսքերը չափազանց խորքային իմաստով արտահայտում են մեր իրականությունը։ Այնպիսի մի իրականություն, որը խաթարել է մեր ներքին, անձնական և հավաքական խաղաղությունը՝ վերածվելով անպատվության, քաոսի, ատելության, թշնամության անապագա անորոշության, և, բնականաբար, դրանից բխած անսահմանափակ վախերի։ Այն խաթարել է նաև մեր արտաքին խաղաղությունը՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով՝ հատկապես հակառակորդ երկրի հռետորաբանությամբ և գործողություններով, անընդհատ ստորացուցիչ և արտաքին աշխարհի բոլոր կողմերի և խաղացողների հետ ոչ թափանցիկ, անվստահելի անկայուն և մուրացիկ և մշտապես անհասկանալի հարաբերություններով, որոնք հանգեցրել են ինքնիշխանության և պետականության, ինչպես նաև իրավահավասարության կորստին՝ մեր ժողովրդի ու պետության գլխին պահելով պատերազմի սպառնալիքի վտանգը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ